Երեւանի պետական համալսարանում անցկացվել է AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը։ 

Այն չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին եւ նորարարներին։ Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու եւ տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն էր։

Քննարկումներն ընդգրկում էին ինչպես գլոբալ միտումները, այնպես էլ Հայաստանի ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կարեւոր տեխնոլոգիական հանգույց։

Այս տարվա համաժողովը դարձավ իր պատմության ամենամասշտաբայինը՝ գրանցելով աննախադեպ արդյունք․ շուրջ 3000 այցելու եւ մասնակից։ Ավելի քան 20 խոսնակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով իրենց փորձը, ոլորտի արդի միտումները, կիրառական լուծումները եւ նորարարական մոտեցումները, որոնք ձեւավորում են արհեստական բանականության հայկական հեռանկարը։

«Մենք տեսնում ենք ոչ միայն աճող հետաքրքրություն արհեստական բանականության նկատմամբ, այլեւ իրական պատրաստակամություն՝ այն կիրառելու եւ զարգացնելու տարբեր ոլորտներում։ Այս համաժողովը դարձել է այն հարթակը, որտեղ ձեւավորվում են ապագայի գաղափարներն ու համագործակցությունները», - նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։

AI Conf Armenia 2026-ը կազմակերպվել է Երեւանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) համագործակցությամբ։