Վերջին շրջանում Ucom-ի գրանցած հաջողությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան արագ է փոխվում հեռահաղորդակցության ոլորտը եւ որքան մեծ դեր ունեն դրա հետեւում կանգնած մարդիկ ու ռազմավարությունները։
Itel.am-ն սկսում է նոր շարք, որտեղ կբացահայտենք հենց այդ ճանապարհը, կներկայացնենք ոչ միայն ընկերության ձեռքբերումները, այլեւ դրանց հետեւում կանգնած թիմերին, նրանց մտածելակերպը, աշխատանքային մշակույթն ու այն գործընթացները, որոնք հաճախ մնում են տեսադաշտից դուրս, բայց իրականում ձեւավորում են արդյունքը։
Առաջին զրույցը Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ է, որի ընթացքում անդրադարձել ենք Ucom-ի զարգացման ռազմավարությանը, 5G ցանցի ընդլայնմանը, կոնվերգենտ մոդելին, ինչպես նաեւ նոր գրասենյակին ու միջավայրին։
- Վերջերս Ucom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունում։ Այս ճանաչումն ինչպե՞ս է փոխում Ucom-ի ռազմավարական դիրքավորումը՝ Հայաստանի եւ տարածաշրջանի մակարդակում։
- Մի քանի գործոն է այստեղ դեր խաղացել, որոնց շնորհիվ մենք կարողացանք արժանանալ այդ մրցանակներին։ Իհարկե, դա երկարատեւ ռազմավարության արդյունք է։ Իրականացրել ենք երկարաժամկետ ներդրումներ եւ չենք կենտրոնացել կարճաժամկետ լուծումների վրա։ Կատարվել է ահռելի մեծ աշխատանք ցանցի վրա, որի արդյունքում այն ստացել է համապատասխան որակական ցուցանիշներ եւ կարողանում է բարձր որակով սպասարկել բաժանորդներին։ Ookla-ն իրականացրել է ուսումնասիրություններ, չափումներ եւ արձանագրել է դրական միտումներն ու արդյունքները, ինչի հիման վրա էլ որոշել է մեզ արժանացնել այդ մրցանակներին։
Այս ամենը նաեւ բարձրացնում է պատասխանատվության նշաձողը, քանի որ երբ ընկերությունն արժանանում է նման մրցանակների, նշանակում է՝ պետք է պահպանի այդ որակը։ Այստեղ խոսքը միայն արագության մասին չէ, այլ նաեւ ծառայությունների օգտագործման ընդհանուր որակի բարելավման մասին։ Այդ որակը եւ հարմարավետությունը պետք է պահպանվեն, որպեսզի բաժանորդը մշտապես զգա դրանք։ Վերջիվերջո, հենց բաժանորդն է իր օգտագործման փորձով որոշում՝ ծառայությունը լավն է, թե ոչ։
Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս
Տարածաշրջանային մակարդակում սա, իհարկե, ուրախալի եւ հպարտանալու առիթ է, բայց միաժամանակ նաեւ պարտավորեցնող։ Երբ Հայաստանից նման օպերատոր, ինչպիսին Ucom-ն է, ստանում է նման ճանաչում, դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ներդրումները ճիշտ եւ արդյունավետ են իրականացվել։ Սա նաեւ պարտադրում է մեզ էլ ավելի բարձրացնել նշաձողը։ Արդյունքում, երբ խոսվում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մասին, հատկապես Ucom-ի օրինակով, երկրի անունը դառնում է ավելի ճանաչելի տարածաշրջանում, ինչը նպաստում է նաեւ երկրի բրենդի զարգացմանը։
- Դուք նշեցիք բաժանորդների մասին. կարեւոր է` նրանք զգան փոփոխությունը։ Իրականում ի՞նչ է նշանակում «համար մեկ» լինել հենց բաժանորդի փորձառության տեսանկյունից։- «Համար մեկ» նշանակում է վստահելի օպերատոր, որի ծառայությունները հեշտ են օգտագործվում, ունեն բարձր որակ եւ մշտապես հասանելի են։ Երբ բաժանորդը ցանկանում է օգտվել կապից, այն պետք է միշտ աշխատի, ապահովի համապատասխան արագություն։ Բաժանորդը չպետք է զգա դանդաղություն կամ խափանումներ։ Ցանցի մասին խոսելիս կարեւոր է, որ օգտատերը ստանա կայուն եւ դրական փորձառություն։
Այդ դեպքում անկախ ուսումնասիրությունների եւ չափումների ժամանակ բաժանորդների գնահատականները լինում են դրական, եւ արդյունքում նրանք ավելի վստահ են ընտրում տվյալ օպերատորին՝ որպես իրենց համար լավագույնը։
- Գիտենք, որ Ucom-ը 5G-ի ամենալայն ծածկույթ ունեցող օպերատորն է Հայաստանում։ Ի՞նչ է 5G-ն՝ պարզապես արագությո՞ւն, թե ունի ավելի լայն տնտեսական նշանակություն։- Այո, այսօրվա դրությամբ մենք ապահովել ենք Հայաստանի բնակչության շուրջ 94.6%-ի 5G ռադիոծածկույթը։ Միաժամանակ շարունակական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի մինչեւ տարվա վերջ այս ցուցանիշն էլ ավելի բարձրանա։ Սա մեզ համար ռազմավարական կարեւոր առաջադրանք է։
Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ ոլորտում այս ուղղությամբ աշխատում ենք ոչ միայն մենք․ մյուս օպերատորները եւս իրականացնում են զգալի ներդրումներ եւ զարգացումներ, ինչը դրական է ամբողջ շուկայի համար։ Ցանկացած նոր տեխնոլոգիայի հաջող զարգացման համար անհրաժեշտ է առաջամարտիկ, որը կսկսի գործընթացը եւ առաջ կտանի այն, սակայն նույնքան կարեւոր է, որ մյուս խաղացողներն էլ միանան եւ նպաստեն դրա լայն տարածմանը։
- Ո՞ր ոլորտներում եք տեսնում 5G-ի ամենամեծ կիրառական ազդեցությունը։- Կարեւոր է հասկանալ, որ 5G-ն նախատեսված չէ միայն սովորական բաժանորդների համար։ Այն, առաջին հերթին, ենթակառուցվածք է, որը կարեւոր դեր ունի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման մեջ։ Երբ մենք խոսում ենք կապի օպերատորի մասին, իրականում խոսում ենք ենթակառուցվածքների օպերատորի մասին, որի ծառայություններից օգտվում են ինչպես անհատները, այնպես էլ բիզնեսները եւ պետական կառույցները։
Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս
5G տեխնոլոգիան ստեղծում է նոր հնարավորություններ տարբեր ոլորտների համար։ Օրինակ՝ առողջապահության ոլորտում այն կարող է ապահովել տվյալների ավելի արագ եւ հուսալի փոխանցում՝ նպաստելով ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։ Ընդհանուր առմամբ, 5G-ն ապահովում է զգալիորեն բարձր արագություն եւ ավելի կայուն կապ՝ համեմատած նախորդ սերունդների՝ 4G եւ առավել եւս 3G տեխնոլոգիաների հետ, ինչը որակական նոր մակարդակի է բարձրացնում ինտերնետ ծառայությունները։
- Ինչպե՞ս եք հասել այս ծածկույթին, ի՞նչ ճանապարհ եք անցել եւ ի՞նչ ռազմավարական որոշումներ են եղել դրա հիմքում։- 2023 թվականին, երբ ձեւավորվեց մեր ռազմավարությունը, որոշեցինք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը մեծածավալ ներդրումներ անելն է եւ ցանցերի զարգացումը։ Բաժնետերերը հաստատեցին այս մոտեցումը, եւ մենք սկսեցինք համագործակցել առաջատար մատակարարների հետ՝ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ։
Մեր թիմն աշխատել է օր ու գիշեր, որպեսզի հնարավորինս արագ կառուցենք եւ հասանելի դարձնենք նորարարական 5G ցանցը։ Սակայն աշխատանքը շարունակվում է․ մենք դեռ բավարարված չենք ներկայիս ծածկույթով եւ նպատակ ունենք այն էլ ավելի ընդլայնել։
Ապագայում եւս տեխնոլոգիական զարգացումները շարունակվելու են, եւ մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել, որպեսզի Հայաստանում հասանելի լինեն աշխարհի զարգացած երկրներում կիրառվող բոլոր նորագույն լուծումները։
- Անդրադառնանք նաեւ Ucom-ի կոնվերգենտ մոդելին։ Ինչո՞ւ է այն դարձել առաջնահերթ ուղղություն եւ ի՞նչ առավելություններ ունի։- Կոնվերգենտ մոդելը ստեղծում է հարմարավետություն բաժանորդի համար։ Այսօր օգտատերը չի ցանկանում տարբեր ծառայությունների համար դիմել տարբեր մատակարարների։ Նա նախընտրում է բոլոր ծառայությունները ստանալ մեկ տեղում՝ մեկ փաթեթով։
Սա խնայում է ժամանակ, ավելի արդյունավետ է եւ նաեւ՝ ավելի մատչելի։ Կոնվերգենցիան հնարավորություն է տալիս միավորել մեկ փաթեթում շարժական կապը, ֆիքսված կապը, ինտերնետը եւ հեռուստատեսային ծառայությունները։ Բաժանորդը կարող է ընտրել իր ֆինանսական հնարավորություններին համապատասխան տարբերակը եւ կատարել մեկ միասնական վճարում։
Այսօր մեր բաժանորդների ավելի քան 75%-ը օգտվում է կոնվերգենտ ծառայություններից։
- Բացի ծառայություններից, Ucom - ն ակտիվ է նաեւ որպես սոցիալապես պատասխանատու հեռահաղորդակցական օպերատոր։ Ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացնում այս ուղղությամբ։- Այո, այդպես է։ Ucom – ը՝ որպես բիզնես ընկերություն միայն ֆինանսական արդյունքների վրա չի կենտրոնանում։ Այստեղ խոսքն ավելի լայն համակարգի մասին է՝ հասարակության, համայնքի, տնտեսության եւ աշխատակազմի, որոնց հանդեպ ընկերությունը պետք է ունենա հստակ գիտակցված պատասխանատվություն։
Այդ մոտեցումը ենթադրում է հարցադրում՝ ի՞նչ կարող է անել ընկերությունը, որպեսզի մարդկանց կյանքը, կապի ծառայություններից օգտվելուց զատ, նաեւ իրականում բարելավվի։ Ինչպե՞ս կարող է ընկերությունը արժեք վերադարձնել հասարակությանը՝ որպես շնորհակալություն այն վստահության համար, որ մարդիկ տալիս են՝ օգտվելով ծառայություններից։ Եվ հենց այս ընկալումից է ձեւավորվում պատասխանատվության գաղափարը, որը վերածվում է կոնկրետ ծրագրերի եւ նախաձեռնությունների։
Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս
Այս շրջանակում Ucom-ն իր գործունեությունը կառուցել է երկու հիմնական ուղղությամբ։
Առաջինը շրջակա միջավայրի պահպանությունն է․ այստեղ Ucom-ը կենտրոնանում է բնության, կանաչ միջավայրի պահպանման եւ էկոլոգիական պատասխանատու նախագծերի իրականացման վրա՝ համագործակցելով տարբեր գործընկերների հետ։
Երկրորդ ուղղությունը տեխնոլոգիական կրթությունն է․ նպատակն է բարձրացնել այսօրվա պատանիների եւ երիտասարդների տեխնոլոգիական գիտելիքների մակարդակը, զարգացնել նրանց հմտությունները եւ օգնել ձեւավորելու վաղվա տեխնոլոգիական համայնքը։
Վերջիվերջո, հենց այս սերունդն է դառնալու վաղվա մասնագիտական եւ հասարակական առաջնորդը։ Նրանք են շարունակելու զարգացման ընթացքը, առաջ մղելու տնտեսական աճը եւ ձեւավորելու երկրի ընդհանուր զարգացման նոր մակարդակը։
- Խոսենք նաեւ նոր գրասենյակի մասին։ Ի՞նչ արժեքներ է այն բերում եւ ինչպիսի՞ մշակույթ է ձեւավորում։- Նոր գրասենյակը իր հետ բերում է նաեւ նոր մշակույթ եւ դրական փոփոխություն։ Կյանքում ցանկացած նման փոփոխություն սովորաբար բերում է դրական էներգիա, փոխում է մտածելակերպը եւ նույնիսկ՝ կյանքի հանդեպ վերաբերմունքը։
Երբ խոսում ենք աշխատանքային միջավայրի մասին, հատկապես երբ այն ստեղծված է զրոյից եւ ամբողջությամբ նոր է, աշխատակիցն իրեն լավ եւ ավելի հարմարավետ է զգում, եւ որ ընկերությունը հոգ է տանում իր մասին ու ստեղծում է առավել նպաստավոր ու հարմարավետ աշխատանքային պայմաններ։
Այս ամենը միանշանակ դրական ազդեցություն է ունենում հատկապես այն աշխատակիցների դեպքում, ովքեր զբաղվում են ստեղծարար լուծումներով, ավելի ուժեղ է զգացվում իրենց տեղում լինելու զգացումը, ինչն էլ նպաստում է նրանց ներգրավվածության եւ արդյունավետության բարձրացմանը։
Ամենակարեւորը՝ մարդկանց վերաբերմունքն է փոխվել։ Մարդիկ ավելի ժպտերես են, ավելի բաց շփման համար։ Այդ դրական մթնոլորտը շատ կարեւոր է աշխատանքային միջավայրում։
Մյուս կողմից՝ սա պարզապես ֆիզիկական միջավայր չէ, այլ աշխատանքային մշակույթ եւ մտածողություն, որը ձեւավորվում եւ ամրապնդվում է նաեւ համապատասխան աշխատանքային ու մարդկային արժեքներով։ Այս ամբողջ համակարգը դառնում է մի տեսակ կատալիզատոր, որն ավելի ակտիվ եւ արդյունավետ է դարձնում ընկերության գործունեությունը։
Զուգահեռաբար իրականացվող ներդրումները տեխնոլոգիաների, թվային լուծումների եւ տարբեր հարթակների զարգացման մեջ լրացնում են այս միջավայրը։ Այս տարրերը միաձուլվում են եւ միասին ստեղծում են յուրահատուկ, նոր եւ ոգեշնչող աշխատանքային միջավայր, որտեղ ավելի հեշտ է զարգացնել ստեղծարարությունը եւ գեներացնել նոր գաղափարներ։
Նունե ԳրիգորյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի