17:23 | 02.04.26 | Նորություններ | 213
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա։
Կենտրոնը մասնագիտացած է կրտսեր ինժեներների պատրաստման, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում ինժեներական ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանման գործում։
Լաբորատորիայի հիմնադիր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել ընթացիկ գործունեությանը, կրթական ծրագրերին եւ զարգացման հեռանկարներին։
Նշվել է, որ լաբորատորիայի կրթական ծրագրերը ներառում են էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծման եւ կառավարման, միկրոկոնտրոլերների ծրագրավորման, ինչպես նաեւ հարակից այլ ուղղություններ։ Արմեն Դարբինյանն ընդգծել է, որ կենտրոնի շրջանավարտները հաջողությամբ մուտք են գործում աշխատաշուկա՝ մասնագիտական գործունեություն ծավալելով էլեկտրոնիկայի նախագծման, արտադրության եւ վերանորոգման ոլորտներում։
Արմեն Դարբինյանը հայտնել է, որ կենտրոնը համագործակցում է ինժեներական ոլորտի տարբեր ընկերությունների հետ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ ծրագրերի բազմաթիվ շրջանավարտներ հետագայում շարունակում են իրենց կրթությունն ու մասնագիտական գործունեությունը տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ էլեկտրոնիկայի ոլորտում աղջիկների ներգրավվածության խթանման թեմային։ Նախարարը կարեւորել է այս ուղղությամբ իրազեկվածության բարձրացմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը։
Հատկանշական է նաեւ, որ 2022 թվականին Astronaut լաբորատորիան արժանացել է «Մեր ժամանակների հերոսը» գլխավոր մրցանակին։