17:25 | 30.03.26 | Նորություններ | 225
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) անցկացվել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը։
Երեւանի եւ ՀՀ մարզերի 40 պետական եւ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին եւ ավագ դասարանների 140 սան ներկայացրել են իրենց նորարարական հետազոտական նախագծերը հետեւյալ 5 անվանակարգում՝
• Մաթեմատիկա եւ ծրագրավորում,
• Ֆիզիկա եւ աստղագիտություն,
• Քիմիա,
• Կենսաբանություն,
• Հասարակական գիտություններ:
Աշակերտների նախագծերը վերաբերում էին արհեստական բանականության կիրառության եղանակներին, փրկարարական աշխատանքներին մասնակցող ռոբոտների նախագծմանը, տեսողության խնդիր ունեցող անձանց օգնող տեխնոլոգիական ակնոցների մշակմանը, բնապահպանական խնդիրներին (խելացի բիոպլաստիկ եւ մեղվափեթակ, խոսող եւ սնունդ փրկող փաթեթ, բնության պահպանության մուլտֆիլմեր, նիտրատներ եւ ծանր մետաղներ հայտնաբերելու հատուկ սենսորներ եւ այլն), հասարակագիտական ուսումնասիրություններին (քաղաքի եւ մարզի տեսարժան վայրերի թվային քարտեզագրման եւ գրավչության բարձրացում, ժամանակակից դիզայնում Մարաշի ասեղնագործության կիրառում եւ այլն):
«Շատ ոգեւորիչ է տեսնել, թե ինչ բազմազան ու հետաքրքիր գաղափարներ ունեն մեր երեխաներն ամենատարբեր բնագավառներում։ Սա շատ լավ միջավայր եւ ձեւաչափ է, որպեսզի մենք այդ գաղափարները տեսանելի դարձնենք։ Հուսով եմ, որ տարեցտարի այս փառատոնին մասնակցությունը մեր դպրոցներում ավելի ու ավելի կխրախուսի գիտության հանդեպ հետաքրքրությունը։ Շատ կարեւորում եմ, որ մենք այս աշխատանքն անում ենք ԳԱԱ-ի հետ, որովհետեւ ԳԱԱ-ն մեր այն կառույցն է, որը գիտության հանրայնացման, դպրոցների հետ աշխատանքի շատ մեծ դեր ունի», - ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Այս տարի ներկայացվել է շուրջ 100 նախագիծ, որոնցից 78-ն անցել է եզրափակիչ փուլ։ Նախագծերը ներկայացվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձեւաչափով։ Յուրաքանչյուր անվանակարգում լինելու է երեք հաղթող։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի 2026 թվականի մայիսին։ Նախատեսված է, որ մրցույթի հաղթողները կմասնակցեն Եվրոպական միությունում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք միջազգային գիտական փառատոններին (Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական եւ ճարտարագիտական տոնավաճառ, Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթ)։
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն»-ն անցկացվում է 2021 թվականից։ Փառատոնի նպատակն է աշակերտների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, հետազոտական նախագծերի իրականացման եւ դրանք ներկայացնելու հմտությունների զարգացումը։ Այս տարվանից այն իրականացվում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։