16:37 | 13.03.26 | Նորություններ | 118
Մարտի 17–18-ը Երեւանում կանցկացվի Հանրային ոլորտի նորարարության III համաժողովը (Public Sector Innovation Forum III)։
Երկօրյա համաժողովի շրջանակում կանցկացվեն հիմնական ելույթներ, քննարկումներ եւ աշխատարաններ՝ միավորված մի քանի թեմատիկ ուղղություններով։ Օրակարգը կանդրադառնա առաքելահեն, մարդակենտրոն եւ ճկուն կառավարման մոտեցումներին, պետական ռազմավարությունների իրականացման մարտահրավերներին, հանրային ֆինանսների եւ ազդեցության ֆինանսավորման նոր մեխանիզմներին, հանրային ծառայությունների արդիականացմանը, ինչպես նաեւ առաջատար տեխնոլոգիաների՝ մասնավորապես արհեստական բանականության ռազմավարական կիրառմանը պետական կառավարման մեջ։
Համաժողովի օրակարգում ներառված են նաեւ կառավարման համակարգերում վստահության վերականգնմանը եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, քաղաքականությունների մշակման եւ իրականացման միջեւ առկա բացերի հաղթահարմանը, արժանապատվության եւ բարեկեցության վրա հիմնված սոցիալական քաղաքականությունների զարգացմանը, ինչպես նաեւ հանրային եւ մասնավոր հատվածների համագործակցության միջոցով համակարգային փոփոխությունների ֆինանսավորման նոր մոտեցումներին վերաբերող թեմաներ։
Հանրային ոլորտի նորարարության III համաժողովին կմասնակցեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նորարարության եւ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ։
Համաժողովը նպատակ ունի ստեղծել բաց եւ համագործակցային հարթակ՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ձեւավորման եւ գործնական լուծումների մշակման համար։
Օրակարգին եւ գրանցման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Համաժողովի կազմակերպիչն է ՄԱԶԾ Հայաստանի ԿԶՆ նորարարության կենտրոնը։