CES-ը միշտ եղել է ռոբոտների տոն եւ այս տարվա միջոցառումն էլ բացառություն չէր․ էքսպոյի ընթացքում ներկայացվել են ռոբոտատեխնիկայի մի շարք կարեւոր նորարարություններ, այդ թվում՝ Boston Dynamics-ի նոր մարդանման Atlas ռոբոտի արտադրության համար պատրաստ տարբերակը։
Բացի այդ, ցուցասրահի բազմաթիվ ռոբոտներ հաճախ հադես են եկել որպես ընկերությունների արդյունավետ մարքեթինգային գործիքներ։ Թեեւ դրանք միշտ չէ, որ լիովին ճշգրիտ պատկեր են տալիս առեւտրային կիրառման ներկայիս մակարդակի մասին, սակայն այցելուներին հնարավորություն են տվել պատկերացում կազմել, թե ուր կարող է ուղղվել ռոբոտաշինության ոլորտն ապագայում։
Ներկայացնում ենք ամենահետաքրքիր ռոբոտներին։
Սեղանի թենիս խաղացողը
Չինական Sharpa ընկերությունը ցուցադրել է ամբողջական մարմնով ռոբոտ, որը մրցում էր ընկերության աշխատակցի հետ` սեղանի թենիս խաղալով։ Խաղը դժվար է անվանել արագ տեմպով, այնուամենայնիվ, ականատեսները ռոբոտի սեղանի թենիս խաղալը բավական տպավորիչ են համարել։
Sharpa-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերության հիմնական արտադրանքը ռոբոտացված ձեռքն է, իսկ ամբողջական մարմնով ռոբոտը CES-ում ներկայացվել էր հենց այդ ձեռքի ճկունությունը ցուցադրելու համար։
Բռնցքամարտիկը
Ամենաշատ այցելուներ գրաված ցուցադրություններից մեկը պատկանում էր չինական EngineAI ընկերությանը, որը մշակում է մարդանման ռոբոտներ։ T800 անվանումով ռոբոտները (հղում՝ «Տերմինատոր» ֆիլմաշարին) տեղադրված էին իմիտացիոն բռնցքամարտի ռինգում։
Ռոբոտները ցուցադրել են բռնցքամարտի հմտությունները՝ առանց շփման։ Այսպիսով՝ դեռ Մայք Թայսոնին չեն գերազանցում ռոբոտները, բայց դրանք կարողացել են ստեղծել մարդանման վարքագիծ, որը բարձրակարգ ժամանց է ապահովել ներկաների համար։
Պարողը
Պարող ռոբոտները CES-ի անբաժանելի մասն են եղել տարիներ շարունակ եւ այս տարին նույնպես բացառություն չէր։ Այս անգամ բեմը պատկանում էր Unitree ընկերության ռոբոտներին՝ խոշոր չինական արտադրողի, որը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Չինաստանի զինված ուժերի հետ հնարավոր կապերի պատճառով։
Unitree-ն ներկայացրել է մի շարք տպավորիչ նախագծեր, այդ թվում՝ մարդանման ռոբոտ, որը, ըստ հայտարարությունների, կարող է վազել մինչեւ 11 մղոն ժամ արագությամբ։ Տաղավարում ներկայացվել են բազմաթիվ ռոբոտներ, որոնք «զգում էին ռիթմը» եւ պարում։
Խանութի աշխատողը
Galbot ընկերությունը, որը կենտրոնացած է բազմամոդալ մեծ լեզվական մոդելների եւ ընդհանուր նշանակության ռոբոտների վրա, տաղավարը ձեւավորել էր որպես փոքր խանութ, իսկ ռոբոտը կապված էր մենյուի հավելվածի հետ։