15:02 | 25.12.24 | Նորություններ | exclusive 344
Հայաստանում գենդերային հավասարության եւ կանանց անվտանգության ամրապնդման գործում կարեւոր դերակատարում ունեն «Ապահով առցանց տիրույթում» (Safe Online) եւ «Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության եւ հավասարության» (WISE) ծրագրերը։ Երկուսն էլ իրականացվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ եւ Mercy Corps Georgia-ի հետ համագործակցությամբ, իսկ Հայաստանում դրանք իրագործում է ԻՄԻՆ Նախաձեռնություններ հիմնադրամը։
Safe Online-ը կենտրոնանում է հատկապես առցանց տիրույթում կանանց անվտանգության եւ մասնակցության խթանման վրա, իսկ WISE ծրագիրն ավելի լայն շրջանակ ունի՝ թիրախավորելով գենդերային բռնության բոլոր դրսեւորումները։ Երկուսն էլ կիրառում են նորարարական մոտեցումներ, այդ թվում՝ Safe YOU հավելվածի գործիքակազմը, եւ ստեղծում անվտանգ եւ հավասար հնարավորություններով միջավայր կանանց եւ աղջիկների համար։
Safe Online ծրագրի համակարգող Միլենա Հայրապետյանը եւ WISE ծրագրի ղեկավար Լիլիթ Շախուլյանը iTel.am-ին պատմել են այս ծրագրերի առաքելության, գաղափարի, իրականացվող աշխատանքների ու առաջիկա ծրագրերի մասին։
Անվտանգ եւ հավասար. WISE-ի տեսլականը
«Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության եւ հավասարության» (WISE) ծրագիրը եռամյա տարածաշրջանային ծրագիր է, որի հիմնական նպատակներն են գենդերային բռնության կանխարգելումը, գենդերային բռնության ու հարակից հիմնահարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը եւ գենդերային հավասարության խթանումը:
Ըստ ծրագրի ղեկավար Լիլիթ Շախուլյանի՝ գենդերային բռնությունը բարդ եւ փոխակերպվող երեւույթ է, ինչը հաճախ դժվարացնում է դրա կանխարգելումը։
«Մենք առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ ոչ մի անձ չպետք է ապրի գենդերային բռնության սպառնալիքի ներքո: WISE ծրագրի նախագծման փուլում շեշտը դրվել է հատկապես Safe YOU ինովացիոն հարթակի գործիքակազմի միջոցով գենդերային բռնության խնդրի կանխարգելման, արձագանքման մեխանիզմների օգտագործման եւ դրանց բարելավման վրա», - ասում է նա։
Ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք կարեւոր նախաձեռնություններ, այդ թվում՝ 2020-2023 թվականների ընթացքում Արցախից բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների կարիքների վերաբերյալ հետազոտություն, համայնքային կառույցների հետ ենթադրամաշնորհային ծրագրեր, որոնցում ներգրավվել է 8 կազմակերպություն Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերից։
Լիլիթ Շախուլյանի խոսքով՝ Safe YOU-ի առաքելությունն է, որ յուրաքանչյուր կին ու աղջիկ, անկախ ծագումից, կարողություններից, մաշկի գույնից եւ այլ հանգամանքներից, իրեն զգա ուժեղ եւ ապահով։
«Օգտագործելով Safe YOU-ի գործիքակազմը՝ ծրագրի շրջանակում շարունակաբար ներգրավում ենք տարբեր որակավորված մասնագետների (իրավաբանների, հոգեբանների), որոնք անվճար եւ անանուն խորհրդատվություն են տրամադրում Safe YOU-ի օգտատերերին։ Նաեւ աշխատում ենք Հայաստանում գործող տարբեր աջակցման կենտրոնների եւ Ոստիկանության հետ՝ մեր օգտատերերին ուղղորդելով մասնագիտացված կառույցներ։
Վերջերս հագեցրել ենք Safe YOU-ն՝ ավելացնելով բաց հարցումների եւ քուիզների նոր գործառույթ, ստեղծել ենք «Կանչ» կոճակի գործածման դեպքում հետադարձ կապի եւ արձագանքման ավելի պրակտիկ գործառույթ, ինչպես նաեւ հավելվածը ավելի մատչելի ու հասանելի ենք դարձրել՝ այդ թվում նաեւ թարգմանելով այն քրդերեն (կուրմանջի) Հայաստանում բնակվող եզդի ազգաբնակչության համար», - նշում է Լիլիթ Շախուլյանը։
2025 թվականին՝ ծրագրի ամփոփիչ տարում, նախատեսվում է շարունակել գործող նախաձեռնությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Safe YOU հավելվածի տարածմանն ու արդյունավետ օգտագործմանը։
Թվային անվտանգության նոր հորիզոններ. Safe Online ծրագրի առաքելությունը
2023 թվականին մեկնարկած «Ապահով առցանց տիրույթում» (Safe Online) ծրագրի նպատակն է պայքարել առցանց տարածքում գենդերային հիմքով բռնության դեմ եւ խթանել կանանց մասնակցությունը թվային տնտեսությանը։ Ծրագրի համակարգող Միլենա Հայրապետյանի խոսքով՝ առցանց տիրույթում լայն տարածում են ստանում տեխնոլոգիաների կիրառմամբ գենդերային հիմքով բռնության (ՏԿԳՀԲ) ու ոտնձգության դրսեւորումները։
«Այսօր աշխարհն աստիճանաբար թվայնացման է գնում։ Զուգահեռաբար առցանց տիրույթում լայն տարածում են ստանում բռնության տարատեսակ դրսեւորումներ։ Ծրագրի շրջանակում կրթելու եւ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու միջոցով փորձում ենք հնարավորինս կանխել ՏԿԳՀԲ-ն, ինչպես նաեւ խթանել կանանց ներգրավվածությունն առցանց բիզնեսում», - ասում է նա։
Ըստ Միլենա Հայրապետյանի՝ պայքարի հիմնական միջոցներն իրազեկումն ու կրթությունն են։
«Ծրագրի շրջանակում իրականացնում ենք տեղեկատվական հանդիպումներ եւ թրեյնինգներ կանանց եւ աղջիկների համար։ Վերջերս իրականացրեցինք նաեւ հաքաթոն «Անվտանգ թվային հորիզոններ» խորագրով, որին մասնակից 10 թիմից 3-ը ճանաչվեց հաղթող եւ ստացավ ընդհանուր 1․000․000 ՀՀ դրամ ֆինանսավորում՝ իրենց նախագծերի իրագործման համար։ Առցանց միջավայրում ապահովության զգացմանը հնարավոր է հասնել միայն, երբ կինը գիտի իր իրավունքները եւ վստահ է, որ իր հանդեպ բռնության այս տեսակը եւս պատժելի է», - ընդգծում է նա։
Ծրագիրը սերտորեն համագործակցում է տեղական ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների եւ պետական կառույցների, այդ թվում՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Վերջերս Civitta Armenia-ի հետ համագործակցությամբ իրականացված հետազոտությունը բացահայտել է ՏԿԳՀԲ-ի տարատեսակները եւ ուսումնասիրել միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունները Հայաստանում։
«Մեր գործունեության վերջնանպատակն է կանանց եւ աղջիկներին իրազեկել բռնության այս տեսակի վերաբերյալ, որպեսզի կարողանանք կանխել այն, ինչպես նաեւ խրախուսել նրանց մասնակցել առցանց տնտեսությանը եւ առանց վախի կամ կաշկանդվածության՝ գործունեություն ծավալել նաեւ առցանց հարթակներում», - եզրափակում է Safe Online-ի համակարգողը։
Առաջիկայում նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել նոր կրթական բովանդակություն, կազմակերպել եւս մեկ հաքաթոն եւ մշակել գործիքակազմ՝ աշխատավայրերում առցանց բռնությունը կանխելու նպատակով։
Նունե Գրիգորյան