16:08 | 13.12.24 | Նորություններ | 5012
Ucom-ն ամփոփել է 2024 թվականի ընթացքում կատարած լայնածավալ տեխնիկական աշխատանքներն ու ցանցի արդիականացման արդյունքները։
Ամբողջ տարվա ընթացքում ընկերության տեխնիկական թիմը զբաղվել է մարզերում եւ Երեւանում նոր բջջային կայանների կառուցմամբ՝ ընկերության կապը դարձնելով ավելի հասանելի բաժանորդների համար։ Կատարվել է նաեւ գործող կայանների մասսայական արդիականացում՝ բաժանորդների համար կապի փորձառությունն բարձրացնելով նոր մակարդակի։
Ընկերության 2024 թ-ի ամենամեծ ձեռքբերումը դարձել է նոր սերնդի 5G ցանցի գործարկումը. նոյեմբերին այն սկսել է գործել 20 մարզային քաղաքում, իսկ այսօր Ucom-ը հայտարարում է 5G ցանցի շահագործման մասին եւս 8 քաղաքում՝ Այրումում, Արարատում, Հրազդանում, Նոր Հաճնում, Նոյեմբերյանում, Քաջարանում, Եղվարդում եւ Շամլուղում։ Այսպիսով Ucom-ի նորագույն 5G ծածկույթ ունեցող քաղաքների ընդհանուր թիվը հասել է 28-ի: Ucom-ը հայտնում է նաեւ 5G հասանելիության մասին Բագրատաշենի սահմանային անցակետում։
Ընթացող արմատական արդիականացման արդյունքում կապի ծառայությունները Ucom-ի բաժանորդների համար դառնում են ոչ միայն ավելի արագ, այլ նաեւ ավելի կայուն՝ շնորհիվ ներդրված հեռահաղորդակցության ստանդարտներին համապատասխանող պահուստային համակարգերի, որոնք ապահովում են ծառայությունների անխափանությունը:
5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային եւ կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung սմարթֆոններում եւս։
Զուգահեռաբար ընդլայնվել է նաեւ ընկերության ֆիքսված ցանցը՝ արագ եւ որակյալ տան ինտերնետն ու հեռուստատեսությունը հասանելի դարձելով այն չորս նոր քաղաքում՝ Աշտարակում, Արտաշատում, Նոր Հաճնում եւ Բյուրեղավանում։
Բացի այդ, Ucom-ի ֆիքսված ցանցը սկսել է գործել Քանաքեռի եւ Ջրվեժի սեփական տների հատվածում։
«Թե՛ ֆիքսված, թե՛ շարժական ցանցի ընդլայնումն ու հզորացումը մեր ընկերության առաջնային նպատակներից էր այս տարի, եւ մեր տեխնիկական թիմը մեծ նվիրվածությամբ օր ու գիշեր աշխատել է այս ամենն իրականություն դարձնելու համար։ Մենք շատ հպարտ ենք հատկապես ժամանակակից ու գերհզոր 5G ցանցի գործարկումով։ Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ուրախ ենք, որ մեր էլ ավելի շատ բաժանորդներ արդեն վայելում են այս որակյալ ու կայուն կապը։ Սրանով մենք չենք բավարարվելու եւ հաջորդ տարի Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվելու է էլ ավելի բարձր տեմպով, քանի որ գիտակցում ենք որակյալ կապի կարեւորությունը համատարած թվային փոխակերպման այս շրջանում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը, այդ թվում 5G ցանցի գործարկումը նոր բնակավայրերում կշարունակվի հաջորդ տարի եւս։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար կտեղեկացնի հանրությանը։ Ֆիքսված եւ շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաեւ նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։