11:23 | 06.12.24 | Նորություններ | 7249

Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արեւային էներգիայից

Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի նորակառույց մանկապարտեզի տանիքին Արեւորդի ՀԿ-ի եւ Ucom-ի համագործակցության շրջանակում տեղադրվել է 10,53 կՎտ/ժ դրվածքային հզորությամբ արեւային կայան։

Մանկապարտեզը դեռ չի հանձնվել շահագործման, բայց արեւային կայանի տեղադրումը թույլ կտա, որ գործարկման առաջին իսկ օրվանից մանկապարտեզը օգտագործի կայուն էներգիա՝ միաժամանակ լիովին ապահովելով իր հոսանքի ծախսը։ Սա հրաշալի հնարավորություն է մանկապարտեզի համար ի սկզբանե պլանավորել տնտեսված գումարների ներդրումը զարգացման այլ ծրագրերի համար։

«Մենք Ucom-ում մեծ կարեւորություն ենք տալիս տեխնոլոգիական զարգացմանն ու կանաչ տեխնոլոգիաներին, եւ ուրախ ենք, որ կարող ենք դրանք ծառայեցնել մեր համայնքների օգտին։ Շատ ուրախալի է նաեւ, երբ կայանները տեղադրվում են մանկապարտեզների տանիքներին, եւ մեր երիտասարդ սերունդները մանկուց կսովորեն կայուն ու էկոլոգիապես մաքուր լուծումներին» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այսօր, երբ ողջ աշխարհը առերեսում է կլիմայական փոփոխությանն ու բնապահպանական աղետներին, չափազանց կարեւոր է իրականացվող բոլոր աշխատանքներում մտապահել այս վտանգներն ու նախատեսել վերջիններիս հարմարվողականությանն ուղղված քայլեր։ Կայուն էներգիայի անցումը այդ քայլերից մեկն է, որ հնարավորություն կտա թե՛ խնայել ֆինանսական միջոցներ, թե՛ օգտվել վերականգնվող էներգիայից՝ չվնասելով շրջակա միջավայրը», - ասել է Արեւորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 160 սանի համար։ 2025 թվականի հունվարից այն իր դռները կբացի ավելի քան 60 սանի համար ոչ միայն Արտաշավան բնակավայրից, այլեւ հարեւան Սաղմոսավանից, Ուշիից, Օհանավանից՝ հետագայում ընդլայնվելու պլանով։

Քանի որ տեղադրված կայանի կողմից արտադրված էներգիան կլինի շատ ավելին, քան մանկապարտեզին անհրաժեշտ է, ավելցուկը կվերաուղղորդվի Արտաշավան բնակավայրի արտաքին լուսավորության ողջ ծախսի փոխհատուցմանը։ Արտաշավանում բնակվում է ավելի քան 700 մարդ․ արտաքին լուսավորությունը երեկոյան եւ գիշերային ժամերին վերջիններիս ապահովության կարեւոր գրավականն է։