10:07 | 05.12.24 | Նորություններ | 1439
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է նորարական պրոդուկտների համահայկական «Innovate Armenia» մրցույթը։
Նպատակն էր խրախուսել եւ աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական պրոդուկտների զարգացմանը եւ միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելուն: Մրցույթը նախաձեռնել եւ իրականացրել էր TCF Armenia-ն։
Մրցույթի հաղթողներն, ընդհանուր առմամբ, արժանացել են 48.000 դոլարին համարժեք մրցանակների մինչ այդ սահմանված 40․000 դոլարի փոխարեն։
Առաջին հորիզոնականը զբաղեցրած BeeSync պրոդուկտի թիմը ստացել է 20.000 դոլարին համարժեք մրցանակ, այն է՝ համապարփակ աջակցություն գաղափարի վավերացումից մինչեւ արտադրություն, ներառյալ՝ մենտորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծման ծառայությունների հասանելիություն, քրաուդֆանդինգի աջակցություն, ինչպես նաեւ նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների եւ արտադրողների մեծ ցանցի հետ։
Երկրորդ տեղը զբաղեցրած 6Hz պրոդուկտի թիմը ստացել է 12.000 դոլարին համարժեք մրցանակ՝ հնարավորություն օգտվելու շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից․ թիմը կմասնակցի մենտորության, ինչպես նաեւ կստանա պոտենցիալ շուկա մուտք գործելու համար պրոդուկտի նախապատրաստման ուղղորդում:
Երրորդ հորիզոնականում հայտնվել են Chamboplay-ը եւ Flowtric պրոդուկտները ներկայացնող թիմերը, որոնք ստացել են երկուական 8.000 դոլարին համարժեք մրցանակ՝ օգտվելու շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից եւ մենտորությունից։
«Մենք միշտ էլ իմացել ենք, որ Հայաստանում հետաքրքիր եւ մրցունակ գաղափարների պակաս չկա, այլ կա ֆիզիկական նորարարական պրոդուկտները կյանքի կոչելու եւ միջազգային շուկա հանելու փորձի պակաս։ Այսօր ընտրել ենք մասնակիցներին՝ ելնելով մեր փորձից եւ շուկայով պայմանավորված տարբեր չափորոշիչներից։ Մենք օգնել ենք 1000-ից ավելի նորարարությունների աշխարհում հասնել հաջողության․ այդ նախագծերից շատերը քրաունդֆանդինգի փուլում միլիոնից ավելի դոլար են հավաքել»,- ասել է TCF Armenia-ի համահիմնադիր եւ տնօրեն Նարեկ Վարդանյանը: