16:33 | 13.11.24 | Նորություններ | 1208
Նոյեմբերի 15-ին Երեւանում կանցկացվի Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը եւ մարտահրավերներին:
Ucom-ն այս տարի հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։
«Հայաստանում գիտատեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար ՀՀ կառավարությունը հատկապես կարեւորում է հետազոտությունների եւ մշակումների՝ R&D ուղղության զարգացումը։ Վերջին շրջանում դրան են միտված նաեւ օրենսդրական մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ R&D աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Եվ, բնականաբար, առավել արագ արդյունքներ կգրանցեն այն գիտնականները, հետազոտողներն ու կազմակերպությունները, որոնք կառաջարկեն AI գործիքներով լուծումներ, իսկ հաջողություններ կգրանցեն այն կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ կարեւորագույն պայման համարելով նաեւ AI-ի զարգացման հետ եկող ռիսկերին դիմակայելու համար հակազդեցություն ունենալու հնարավորությունները», - ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։
«Դեռեւս 2019 թ. Silicon Mountains գագաթաժողովը անդրադարձել էր արհեստական բանականության (ԱԲ) թեմային։ Այն ժամանակ ԱԲ-ը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի եւ ոչ իրական տեխնոլոգիա։ Սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, եւ ԱԲ-ի համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։ Արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության, կառավարման եւ կրթության ոլորտներում։ Այն, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական մյուս ոլորտները, առաջիկա տարիներին կլինի առանցքային՝ երկրի տնտեսությունում եւ մեր առօրյա կյանքում։ Կշահեն այն ընկերությունները եւ պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում եւ կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ հաջողության ճանապարհին», - ասել է միջոցառման կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։
«Այս թվային դարում շատ կարեւոր է հետեւել բոլոր նորամուծություններին, հետ չմնալ միտումներից։ Կարծում եմ` շատ օգտակար են այսպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է թե՛ աջակցել եւ թե՛ մասնակցել նման նախաձեռնությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Արդեն 7-րդ անգամ ենք կազմակերպում Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Ամեն տարի ընտրում ենք այնպիսի թեմա, որն այդ ժամանակահատվածի համար ամենաարդիականն է, մարտահրավերներով լին, բայց միեւնույն ժամանակ բոլորիս համար հետաքրքիր։ Այսօր բոլորն են խոսում Արհեստական բանականությունից, դրա հետեւանքներից եւ ազդեցությունից։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների եւ ուղղությունների էքսպերտների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով եւ տեսլականով, այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության եւ կրթության վրա Արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։ Վստահ ենք, որ շատ հետաքրքիր եւ հագեցած օր է մեզ սպասում, նաեւ հաջորդ օրը ունենալու ենք B2B հանդիպումներ մեր էքսպերտների հետ։ Սիրով հրավիրում ենք բոլորին», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ելույթներն ու պանելային քննարկումները նվիրված կլինեն հետեւյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai եւ Impact.ai։
Միջոցառման հատուկ հյուրերն են «Infosys» ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023 թվականի դափնեկիր Նարայանա Մուրթին եւ Կենտրոնական եւ հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։
Գագաթնաժողովի ինովացիոն գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որը միջոցառման շրջանակում կազմակերպում է մասնավոր հատվածի համար B2B ձեւաչափով հանդիպումներ՝ խթանելու գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառությունն ու նպաստելու նոր գործարար կապերի ստեղծմանը։
Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Գործընկերների թվում են նաեւ EasyPay, Visa, Synopsys ընկերությունները, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Staffmedia-ն։
Միջոցառման մասնակցությունն անվճար է՝ հաստատված տոմսերով։ Կարող եք գրանցվել այստեղ։