Թումոյի արհեստական բանականության կրթական նախագիծը 2024-2025 թվականների WISE Prize for Education մրցանակի եզրափակիչ փուլ անցած վեց նախագծերից մեկն է:
World Innovation Summit for Education-ի կողմից կազմակերպվող մրցույթն այս տարի նվիրված է համաշխարհային կրթական մարտահրավերների նորարար լուծումներին: Մրցույթի շրջանակում ստացվել է 427 հայտադիմում:
WISE մրցույթի շրջանակում ներկայացվել են բազմաթիվ կրթական լուծումներ ու նորարարություններ ամբողջ աշխարհից։ Դիմորդների շարքում են աշխարհի տարբեր երկրներից կառավարություններ, ոչ առեւտրային եւ մասնավոր կազմակերպություններ, որոնք ներկայացրել են նախագծեր ներառական կրթության, արհեստական բանականության գործիքների, ձայնային գեներացման ուսուցման, նեյրոդիվերգենտ սովորողների համար մշակած մոտեցումների եւ ուսուցիչների զարգացման վերաբերյալ:
«Թումոյի գեներատիվ AI կրթական ծրագիրը միավորում է ինքնուսուցումը, պրակտիկ աշխատարանները, խորը տեխնոլոգիական հմտությունները: Օգտագործելով AI-ը անհատականացված կրթական ուղիները ստեղծելու համար՝ ծրագիրը ոգեշնչում է պատանիներին տնօրինել իրենց ուսումնական գործընթացը, հատկապես նրանց, որոնք ապրում են ոչ բավարար ենթակառուցվածքներ ունեցող համայնքներում: Թումոն յուրահատուկ է, քանի որ այն հասանելի է բոլորին, անվճար է եւ գործում է մի շարք երկրներում` ընդգծելով տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելու հանձնառությունը: Սա կարեւոր է` հաշվի առնելով գեներատիվ AI-ի աննախադեպ աճը, որն ավելի է խորացնում թվային պատնեշը», - նշել է WISE Prize for Education մրցանակի ծրագրի ղեկավար Նիամ Ուելանը:
«Ուրախ ենք, որ WISE մրցանակի եզրափակիչ փուլ անցած վեց նախագծերից մեկը մերն է, քանի որ այն կօգնի զարգացնել Թումոյում AI կրթական ծրագիրը: Կարեւոր է երիտասարդներին հզորացնել, որպեսզի դառնան նորարար էկոհամակարգերի մաս եւ ինքնուրույն տնօրինեն արհեստական բանականության կիրառումը իրենց կյանքում»,- նշել է Թումոյի ծրագրավորման բաժնի ղեկավար Վահագն Փափազյանը:
Առաջիկա 12 ամսվա ընթացքում WISE-ը իր գործընկեր Dalberg Advisors-ի հետ եզրափակիչ փուլ անցած նախագծերին կառաջարկի կարողությունների զարգացման մի շարք հնարավորություններ եւ անհատականացված մենտորություն:
WISE-ն առաջարկում է 125,000 դոլար պայմանական ֆինանսավորում յուրաքանչյուր թիմի՝ աջակցելու նրանց նվազագույն կենսունակ արտադրանքի զարգացմանը: Հաղթող լուծումը, որը կընտրվի միջազգային կրթական փորձագետներից կազմված ժյուրիի կողմից, կստանա 1մլն դոլար մրցանակ 2025 թվականի WISE12 գագաթնաժողովի ընթացքում, որտեղ հաղթողը կհայտարարվի ուղիղ եթերի ընթացքում: