Apple-ը թողարկել է iOS 18.2 բետա տարբերակը՝ Apple Intelligence-ի եւ ChatGPT աջակցությամբ:
iOS 18.2-ում հասանելի է Image Playground պատկերների գեներատորը, որը ստեղծում է պատկերներ՝ հիմնվելով տեքստային հարցման վրա՝ մուլտֆիլմի ոճով, գրում է 9toMac-ը։
«Image Wand» ֆունկցիան Notes-ում աշխատում է նմանատիպ սկզբունքով՝ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է հարցում գրել կամ էսքիզ անել Apple Pencil-ի միջոցով։
Հայտնվել է Genmoji ֆունկցիան՝ տեքստային հարցման հիման վրա էմոջի ստեղծելու համար: Դրանք կարող են օգտագործվել iMessage-ում:
ChatGPT-ի աջակցությունը կարելի է միացնել Կարգավորումներում՝ Apple Intelligence & Siri-ի բաժնում: Դրա միջոցով Siri-ն կկարողանա չաթ-բոտին փոխանցել հարցումները, որոնք ինքնուրույն չի կարող կատարել, ինչպես նաեւ օգնել լուսանկարների եւ փաստաթղթերի վերլուծության հարցում:
Նոր iPhone 16-ի եւ iPhone 16 Pro-ի սեփականատերերին հասանելի կլինեն նաեւ Visual Intelligence-ի գործառույթները. նրանք կկարողանան AI-ին հարցնել տեսախցիկով արտացոլվող առարկաների մասին:
iOS 18.1-ը Apple Intelligence-ի աջակցությամբ կթողարկվի հոկտեմբերի 28-ին: Դրա հետ համատեղելի կլինեն iPhone 15 Pro-ն եւ 15 Pro Max-ը, ինչպես նաեւ iPhone 16, 16 Plus, 16 Pro եւ 16 Pro Max-ը։
Գործարկման ժամանակ աջակցվող լեզուներից տրամադրվում է միայն անգլերենը (ԱՄՆ): 2025 թվականին նախատեսվում է այնպիսի լեզուների աջակցություն, ինչպիսիք են չինարենը, ֆրանսերենը, ճապոներենը, իսպաներենը, գերմաներենը, իտալերենը, կորեերենը, պորտուգալերենը եւ վիետնամերենը:
9toMac-ը գրում է, որ Apple Intelligence-ի գործառույթները հնարավոր կլինի փորձարկել այլ տարածաշրջաններից՝ համակարգի կարգավորումներում աջակցվող լեզուն դնելով։ ԵՄ երկրներում եւ Չինաստանում, սակայն, համակարգը չի աշխատի կանոնակարգման պատճառով։