17:05 | 08.10.24 | Նորություններ | 1135
Հոկտեմբերի 7-ին մեկնարկել է միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովը, որը հայաստանյան խորհրդատվական եւ գործարար համայնքի կարեւորագույն իրադարձություններից մեկն է։
Համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ եւ հեղինակավոր խոսնակներ տարբեր երկրներից։ CMC համաժողովը դարձել է գիտելիքի փոխանակման, միջազգային համագործակցությունների եւ մասնագիտական աճի հարթակ, վարպետության դասեր եւ պանելային քննարկումներ՝ առաջատար խորհրդատուների մասնակցությամբ։
Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն է։ Համագործակցության շրջանակում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես է եկել որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը եւ կայուն շրջակա միջավայրը» թեմայով։
«Որպես հեռահաղորդակցության ընկերություն Ucom-ն ամեն օր առնչվում է նորարար տեխնոլոգիաների հետ։ Այսօր տեխնոլոգիական զարգացումը բոլորիս առօրյա կյանքի պարտադիր մաս է, ու հեռահաղորդակցությունն այն ոլորտն է, որը տեխնոլոգիաները բոլորին հասանելի է դարձնում։ Մեզ համար կարեւոր է նաեւ շրջակա միջավայրի կայունությունը, եւ մենք փորձում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության նախագծերով միավորել այս երկու առաջնայնությունները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Համաժողովի օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների եւ բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։
«Շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ Հայաստանում հյուրընկալում ենք այսպիսի հեղինակավոր միջոցառում՝ Միջազգային CMC համաժողովը։ Վստահ եմ, որ մեր մասնակիցները այստեղից կգնան նոր համագործակցություններով ու հնարավորություններով։ Նման միջազգային միջոցառումները ոչ միայն խթանում են երկրի խորհրդատվական եւ գործարար համայնքների զարգացումը, այլեւ ստեղծում են արժեքավոր հարթակ նոր գաղափարների փոխանակման, համագործակցության եւ նոր գործընկերությունների ձեւավորման համար։ Մեր նպատակը միայն գիտելիքի փոխանակումը չէ, այլեւ այն արժեքների ստեղծումը, որոնք կմնան երկարաժամկետ»,- ասել է IMC Armenia տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։
Համաժողովին ITC-ի Առեւտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով բիզնեսում համապատասխանության, կայունության եւ պատշաճ ուսումնասիրության հարցերը՝ առանձնացնելով բիզնեսի թվայնացման կարեւորությունը։
Արհեստական բանականության (ԱԲ) գործակալների եւ մարդանման ռոբոտների մասին խոսել է ամերիկացի գործարար Դեյվիդ Յանը։
Ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով թվային բիզնես միջավայրերում կողմնորոշման կարեւորությանը, իսկ առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը կիսվել է կազմակերպություններում կայունության եւ թվայնացման խթանման իր փորձով։
Ելույթներով եւ պանելային քննարկումներով հանդես են եկել նաեւ ոլորտի առաջատարներ Սանավբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn) եւ շատ ուրիշները։
Համաժողովի օրակարգում նախատեսված են նաեւ պանելային քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվում են արդյունաբերության փոխակերպումը ԱԲ-ի միջոցով, ապագա աշխատուժի դինամիկան, հաճախորդների ներգրավումը, կայուն ներդրումները, բիզնես էթիկան, թվայնացումը եւ այլ կարեւոր ուղղություններ։
Խոսնակների եւ թեմաների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է միջոցառման պաշտոնական կայքում։
2024 թվականին համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։
CMC համաժողովի շրջանակում հոկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենա նաեւ «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ է սահմանել խորհրդատվական ոլորտում նորարար լուծումներ առաջարկող նախագծերի համար եւ հաղթող են ճանաչվել 9 երկրներից ներկայացված նախագծեր, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ կան նաեւ մասնակից шинհայկական ընկերություններ ու նախագծեր։