13:06 | 04.10.24 | Նորություններ | 180

Fastex-ը կազմակերպել է WCIT-ի բացման համերգը

Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը` Fastex-ի եւ Fast Bank-ի հետ համատեղ, WCIT-ի գլխավոր գործընկերներն են։

Fastex-ի եւ WCIT նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համատեղ ասուլիսի ժամանակ Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանն, անդրադառնալով տարածաշրջանում այս կարեւոր միջոցառումը հովանավորելու Fastex-ի նախաձեռնությանը, նշել է․«Կարեւորում ենք ինովացիաների եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնֆերանսի՝ WCIT 25-րդ հոբելյանական միջոցառման անցկացումը Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն եւ մեր երկիրը դարձնել առավել մրցունակ միջազգային հարթակներում։ Այս տարի մենք ստանձնել ենք միջոցառման բացման արարողությունը կազմակերպելու կարեւոր գործը»:

Միջոցառման պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում։ Hoory AI օգնականն այս տարի կլինի միջոցառման հաղորդավարի դերում՝ ներկայացնելով երեկոյի մասնակիցներին։ Ելույթները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ պատկերներով։ Ի դեպ, այս տարի համաժողովի հիմնական թեման արհեստական բանականությունն ու դրա ընձեռած լայն հնարավորություններն են։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի միջոցառման մեկնարկը՝ ներկայանալով առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ։ Երեկոյի ավարտին երաժշտական շոուով հանդես կգա համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

«Ուրախ ենք երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալել WCIT կոնգրեսը։ Այս տարի համաժողովի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա գործարար, SpaceX, Tesla եւ X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ 2019 թվականի համաժողովը հայաստանյան ՏՏ ոլորտում տեսանելի զարգացումներ է գրանցել, ինչը, վստահ եմ, որ այս տարի կրկնապատկվելու է: Շնորհակալ ենք նաեւ գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցում են մեզ կազմակերպման գործում եւ կարեւորում նման միջոցառումների իրականացումը Հայաստանում»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 5-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի համաժողով. կլինեն տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում համաշխարհային բիզնեսի առաջնորդները եւ ոլորտի փորձագետները կանդրադառնան բիզնես հնարավորություններին ու զարգացող շուկաներին։

WCIT 2024-ի ամբողջական օրակարգն այստեղ է։