11:47 | 30.09.24 | Նորություններ | 202

WCIT2024/DigiTec-ին Հայաստան կժամանեն հրեշտակ ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) եւ BANA Angels-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, համաձայն որի 2024 թվականի Նորարարության եւ Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, Հայաստանում կանցկացվի Investor Tour (Ներդրողների այց)։

Հայաստան կժամանեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք ոչ միայն կմասնակցեն կոնֆերանսին, այլեւ կծանոթանան հայաստանյան ստարտափ էկոհամակարգին, ընկերություններին։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը եւ BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը ստորագրել են հուշագիրը՝ հայտարարելով այս մասշտաբային իրադարձության մասին, որը հայկական ստարտափներին ընձեռում է հնարավորություն բացահայտել ֆինանսական նոր հնարավորություններ եւ շուկաներ։

«Մեր համագործակցության թիրախում միջազգային ներդրողներն են, որոնք կժամանեն Հայաստան WCIT2024/DigiTec-ի օրերին՝ տեղական ստարտափների հետ հանդիպելու եւ համագործակցության ուղիներ քննարկելու նպատակով։ Այն ոչ միայն կարեւոր է Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու, այլեւ միջազգային ներդրողների եւ տեղական ստարտափների միջեւ կայուն մասնագիտական կապեր ձեւավորելու համար։ Այս պահին մենք արդեն ունենք մեծ թվով հայտեր ներդրողներից, որոնցից շատերը Հայաստան են այցելելու առաջին անգամ։ Սա նաեւ հնարավորություն է ցուցադրելու Հայաստանի հարուստ ժառանգությունը եւ ժամանակակից մշակույթը։ Ներդրողների այցի շրջանակում նախատեսել ենք նաեւ էքսկուրսիաներ պատմական տեսարժան վայրեր, տեղական ուտեստների համտեսներ եւ մասնակցություն ավանդական տոնակատարությունների»,- ասել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Ներդրողների այցը նպատակ ունի միջազգային ներդրողներին ծանոթացնել հայկական առաջատար ստարտափների հետ, նպաստել փոխգործակցությունների եւ կապերի ձեւավորմանը։

«Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ այն ոչ միայն կնպաստի հայկական ՏՏ ոլորտի զարգացմանը, այլեւ դրա միջազգայնացման եւ հանրայնացման գործում անգնահատելի դերակատարում կունենա։ Հայկական տեխնոլոգիական ոլորտը ԱՏՁՄ-ի առաջնահերթություններից է, այս համագործակցությամբ հնարավորինս շատ «Հրեշտակ ներդրողներ» կժամանեն Հայաստան, ինչը կնպաստի տեղական ստարտափների զարգացմանը՝ տրամադրելով նոր ֆինանսական ռեսուրսներ, փորձագիտական խորհրդատվություն եւ միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորություններ»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա հոկտեմբերի 4-7-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով: