11:47 | 17.09.24 | Նորություններ | 1621

Ucom-ի եւ «Արեւորդի» ՀԿ-ի հերթական արեւային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում

Ucom եւ «Արեւորդի» ՀԿ-ի համագործակցության արդյունքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատենի վարչական շենքի տանիքին տեղադրվել է 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արեւային կայան:

Արեւային կայանի արտադրած էներգիան բավարար կլինի ապահովելու վարչական շենքի եւ բնակավայրի արտաքին՝ ճանապարհային լուսավորության ծախսերը՝ հնարավորություն տալով էապես կրճատել համայնքային ծախսերը։ Այս ծրագրով Ucom-ն ու «Արեւորդի» ՀԿ-ն սատարում են այդ խնդիրների լուծմանը։  

«Մենք շարունակում ենք մարզերում կայուն էներգիան հասանելի դարձնելու մեր առաքելությունը, եւ անչափ ուրախ ենք ընդլայնել մեր գործունեությունը Սյունիքի մարզում: Սահմանամերձ գոտիներն էլ ավելի խոցելի կարգավիճակում են, եւ մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը զգալիորեն կբարելավի Ճակատենի բնակիչների կյանքը՝ կօգնի գումար խնայել եւ բարելավել բնակավայրի կենսապայմանները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս ծրագիրը մեզ համար ոչ միայն հնարավորություն է՝ աջակցելու սահմանամերձ բնակավայրերին, այլեւ կարեւոր քայլ է վերականգնվող էներգիայի եւ կայուն ապրելակերպի տարածման գործում: Արեւային էներգիայի օգտագործումը նման բնակավայրերում մեծ նշանակություն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի կայուն զարգացման նոր չափանիշների ստեղծմանը՝ նպաստելով համայնքների ինքնաբավությանը եւ կենսապայմանների բարելավմանը», - ասել է Արեւորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Ucom ընկերության եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված այս նախաձեռնությունը բավականին էֆեկտիվ է: Ճակատեն սահմանամերձ բնակավայրում տեղադրվել է 10 կիլովատանոց արեւային ֆոտովոլտային կայան, որը կծառայի Ճակատեն գյուղի բնակիչներին։ Գեներացված էներգիայի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն Ճակատեն գյուղի եւ այլ բնակավայրերի ծրագրերի իրականացմանը», - նշել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը:

«Արեւային կայանների տեղադրման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: Արեւային կայանների կիրառումը՝ որպես այլընտրանքային կայուն էներգիայի աղբյուր, այդքան էլ տարածված չէ սահմանամերձ բնակավայրերում, եւ ծրագիրը կլինի օրինակելի՝ հետագայում բնակավայրում տնտեսվարողների եւ բնակիչների արեւային էներգիայի օգտագործմանն անցնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: