11:34 | 23.08.24 | Նորություններ | 7528

ԱՏՁՄ-ն կհամագործակցի ASOF-ի հետ կրթության ոլորտում

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցություն» hիմնադրամի (ASOF) հետ՝ համագործակցելու WCIT2024/DigiTec-ի շրջանակում կրթության եւ վերապատրաստման ոլորտներում։

Նախատեսվում է մի շարք առանցքային ուղղություններով փոխգործակցություն, այդ թվում՝ աջակցություն ՀՀ-ում գիտության եւ տեխնոլոգիաների խթանմանը, կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների կազմակերպմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաեւ փորձագիտական աջակցություն՝ կրթության եւ տեխնոլոգիաների ոլորտներում նորարարական լուծումներ ստեղծելու եւ կիրառելու նպատակով։

«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար՝ ներկայացնելու Հայաստանի եւ սփյուռքի գիտական ներուժը՝ խթանելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը: Մեր համատեղ փորձն ու ռեսուրսներն ի գործ դնելով՝ WCIT2024/DigiTec-ը կդարձնենք համաշխարհային նորարարությունների կիզակետ՝ հատուկ շեշտադրելով կրթության, վերապատրաստման, գիտության ու տեխնոլոգիական ոլորտները: Այս համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերության քարտեզի վրա ամրապնդելու համար, եւ վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերը կտան բացառիկ արդյունքներ»,-ասել է «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը։

«Հպարտ եմ հայտարարել այս համագործակցության պաշտոնական մեկնարկի մասին, որը նշանակալի ձեռքբերում է WCIT2024/DigiTec-ի համար: ԱՏՁՄ-ում մենք միշտ կարեւորել ենք հայաստանյան առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը՝ միավորված եւ համատեղված ջանքերով գերազանցության հասնելու համար: Այս համագործակցությունը «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցություն» hիմնադրամի հետ ոչ միայն ռազմավարական դաշինք է, այլեւ էական բաղադրիչ՝ WCIT2024/DigiTec-ն ամենաբարձր մակարդակի հասցնելու մեր առաքելության գործում»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրով: