12:24 | 09.07.24 | Նորություններ | 2357

BDO Armenia-ն եւ Orion Worldwide Innovations-ը մեկնարկում են Power Consulting Days ծրագիրը

Աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ցանցերից մեկի՝ BDO-ի անդամ BDO Armenia-ն եւ Orion Worldwide Innovations-ը հայտարարել են Հայաստանում Power Consulting Days ծրագրի մեկնարկի մասին:

Power Consulting Days-ը սեմինարների, գործնական մասնագիտական միջացառումների շարք է, որի ընթացքում բիզնեսները կստանան ներդրումների եւ այլ ուղղություններով անհրաժեշտ գիտելիք հայաստանյան եւ համաշխարհային առաջատար մասնագետներից, կլսեն հաջողության պատմություններ։ Մասնակիցները մանրամասն կծանոթանան նաեւ տվյալ պահին տնտեսության ընթացիկ վիճակին, ներդրումների հետ առնչվող ՀՀ օրենսդրական դաշտին եւ վերջին փոփոխություններին։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտն այստեղ:

Ծրագիրը 12-ամսյա մենթորական ակումբ է, որը նպատակ ունի օժանդակել Հայաստանում տնտեսության զարգացմանը՝ այլընտրանքային ներդրումների գծով բիզնեսներին խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

«Հայաստանում ներդրումային ոլորտում կան բազմաթիվ չպարզաբանված հարցեր, որոնք անիրազեկության դեպքում կարող են խնդիրներ առաջացնել կարեւոր որոշումներ կայացնելիս: Խորհրդատվական օրերի շարքը նախատեսված է միջին եւ մեծ բիզնեսների համար, որոնք պրոֆեսիոնալ խորհրդատվության կարիք ունեն։ Այստեղ կարող ենք նշել մի քանի խումբ․ նորարարական ընկերություններ, ուղղակի գումար տնտեսած եւ ներդրում կատարելու պատրաստ կազմակերպություններ, ֆոնդեր, վենչուրային ընկերություններ եւ հրեշտակ ներդրողներ։ Մասնակիցների հետ աշխատելու են ոլորտի առաջատար եւ, կարեւորը, ներդրումների բնագավառում գործնական եւ խորհրդատվության փորձ ունեցող մասնագետներ»,- նշել է BDO-ի գործընկեր, հարկային, միջազգային առեւտրի եւ իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը։

«Մենք այլընտրանքային ներդրումները դիտարկում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի տնտեսական աճը խթանելու տեսակետից։ Քանի որ այլընտրանքային ներդրումներն առաջարկում են դիվերսիֆիկացված պորտֆել, ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն եւ, որպես կանոն, ավելի ցածր տատանողականություն՝ ավանդական ակտիվների դասերի համեմատ»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը:

Ծրագրի ընթացքում կգեներացվի այլընտրանքային ներդրումների միջավայրի միտումների համայնապատկեր, որը կընդգրկի առավել նկատելի միտումները եւ հաջողված կարգավորումները։   

Ծրագրի յուրաքանչյուր խորհրդատվական օր ունի նաեւ գործնական մաս, որի ընթացքում մասնակիցները կստանան գործնականում կիրառելի գիտելիք, այլ արժեքավոր տեղեկություններ եւ կունենան փորձագետների հետ խորհրդակցելու հնարավորություն:

Power Consulting Days-ի ընթացքում առանձնացվելու են նաեւ Հայաստանում այլընտրանքային ներդրումային դաշտի զարգացման կարեւոր ուղղությունները: