12:40 | 13.06.24 | Նորություններ | 1589

Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին

Հայաստանը դարձել է 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին։

Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։

Բացման խոսքում ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել է Արտեմիսի համաձայնագրին միանալու Հայաստանի որոշումը՝ ընդգծելով գիտության, տիեզերական հետազոտության, աստղագիտության ոլորտներում Հայաստանի՝ պատմականորեն արձանագրած մեծ նվաճումները։

Նախարար Հայրապետյանը, ընդգծելով ՀՀ-ի եւ Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերությունը, նշել է, որ այս իրադարձությունը մեծ քայլ է երկու երկրների միջեւ գիտության, մասնավորապես, տիեզերական հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում:

«Բարդ ժամանակները մեզ ստիպում են փնտրել նոր հնարավորություններ, գտնել նորարար լուծումներ՝ մեր հայացքը ուղղելով դեպի վեր՝ Տիեզերք, որտեղ չկան սահմաններ. երազելու, մեծ երազանքներն իրականացնելու համար այն բացառիկ հնարավորություն է։ Մարդու՝ Լուսին վերադարձի ու Լուսնից այն կողմ ճանապարհորդության մասին այս նախաձեռնությանը միանալով՝ Հայաստանը դարձավ տիեզերքի կայուն եւ խաղաղ հետազոտության մեծ տիեզերական ընտանիքի անդամ», - նշել է Մխիթար Հայրապետյանը։