15:13 | 22.05.24 | Նորություններ | 1207

Microsoft-ը ներկայացրել է AI-ով նոր տեսակի համակարգիչներ ու գործառույթներ

Microsoft-ն ամենամյա Build համաժողովի ընթացքում պաշտոնապես ներկայացրել է արհեստական բանականության համար նախատեսված Windows համակարգիչների նոր կատեգորիա՝ Copilot+ PC-ը (Copilot Plus PC):

Սա նոր ապրանքանիշ է, որը կընդգծի՝ սարքը համապատասխանում է կոնկրետ չափանիշներին եւ ի վիճակի է AI-ի բազմաթիվ գործառույթներ կատարել՝ առանց ամպային համակարգին միանալու:

Copilot+ PC հավաստագրման համար սարքը պետք է հագեցած լինի նեյրոնային միավորով (NPU), 16 ԳԲ արտաքին եւ նվազագույնը 256 ԳԲ ներքին հիշողությամբ: Copilot+ PC-ով առաջին մոդելները Qualcomm պրոցեսորներով ARM նոթբուքերն են, որոնք առանց հոսանքի կարող են աշխատել մինչեւ 18 ժամ:

Microsoft-ն ինքն է ցուցադրել ARM-ով երկու նման նոթբուք՝ Surface Laptop-ը Snapdragon X Elite չիպով եւ Surface Laptop Pro-ն՝ Snapdragon X Plus / X Elite պրոցեսորով: Ավելի ուշ Intel եւ AMD չիպերով լուծումներ կհայտնվեն ընկերության հիմնական գործընկերներից՝ Dell-ից, Lenovo-ից, Samsung-ից, HP-ից, Acer-ից եւ Asus-ից:

photo © Microsoft


Windows-ի ղեկավար Յուսուֆ Մեհդին ասել է, որ նոր սարքերը 58%-ով ավելի արագ կլինեն, քան Apple-ի M3-ով աշխատող MacBook Air-ը, կապահովեն ամբողջ օրվա մարտկոցի աշխատունակությունը:

Copilot+ PC սերտիֆիկացումն ինքնին ապահովում է Windows-ի նոր հնարավորություններ, որոնք հիմնված են AI տեխնոլոգիաների վրա: Դրանց թվում են մի շարք ֆունկցիաներ։

Recall-ը ցանկացած գործողության համար «ժամանակը հետ տալու» հնարավորություն է: Օրինակ՝ կարող եք ժամանակացույցով հետ վերադառնալ որեւէ կայք, հավելված կամ փաստաթուղթ:



Cocreator-ն արագ նկարելու եւ լուսանկարների խմբագրման նոր գործառույթ է, որը թույլ է տալիս կիրառել տարբեր ոճեր եւ ֆիլտրներ Paint եւ Photos հավելվածներում՝ օգտագործելով AI: Այս ամենն անվճար է եւ առանց օգտագործման քանակի սահմանափակումների։



Copilot+ PC նոթբուքերը նաեւ կառաջարկեն նոր առաջադեմ AI գործառույթներ հանրաճանաչ հավելվածներում՝ Adobe Photoshop, Illustrator եւ Premiere Pro, DaVinci Resolve Studio, CapCut, Cephable, LiquidText, djay Pro:

photo © Microsoft


Ավտոմատ միաժամանակյա թարգմանություն Live Captions-ի միջոցով համակարգի ցանկացած աուդիո բովանդակության համար՝ ֆիլմեր, ուղիղ հեռարձակումներ, փոդքասթներ կամ նույնիսկ վիդեո կոնֆերանսներ: Ենթագրերը կաշխատեն ամենուր՝ ավելի քան 40 լեզվից ակնթարթային թարգմանությամբ:

Copilot-ը նաեւ աջակցություն կստանա վերջին GPT-4o մոդելից եւ կդառնա շատ ավելի հարմար:



Առաջին Copilot+ PC նոթբուքերը վաճառքում կհայտնվեն հունիսի 18-ին եւ հիմնված կլինեն Qualcomm պրոցեսորների վրա։ Գները սկսվում են $999-ից։