15:42 | 08.05.24 | Նորություններ | 13769

Վիվա-ՄՏՍ-ն արդիականցրել է սահմանամերձ Գոմքի ենթակառուցվածքները

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդիականացնում են մարզերում համատեղ կառուցած ենթակառուցվածքները:

Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում արտաքին լուսավորության համակարգի կառավարումն իրականացվում է եւ´ ավտոմատ, եւ´ հեռավար կառավարմամբ: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ լույսերի միացման կարգավորումն իրականացվում է առավել ճկուն սկզբունքով. բնական լույսին արձագանքող ֆոտոռելեով եւ բջջային հեռախոսով: Կառավարման այդ մեխանիզմը նպաստում է էներգախնայողության բարձրացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում ընդամենը մեկ զանգով կամ կարճ հաղորդագրությամբ՝ սահմանված ժամանակացույցին միջամտելու հնարավորությանը:

«Ավելի քան 9 տարի գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները: Արդիականացումը մեզ համար նորություն էր, օգտագործվեցին նոր տեխնոլոգիաներ: Այժմ, բացի համակարգի ավտոմատ կառավարումից, արտակարգ իրավիճակներում հնարավոր է լույսերն անջատել կամ միացնել հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրության միջոցով: Երբ գյուղում հոսանք չի լինում, ես հաղորդագրության միջոցով տեղեկանում եմ նաեւ այդ մասին»,- ասել է Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:
 
Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015 թվականից: Ինչպես Հայաստանի այլ հեռավոր, սահմանամերձ գյուղերում, այստեղ եւս լուսադիոդային համակարգերի ծրագիրն իրականացվել է փուլային սկզբունքով. նախ՝ լուսավորվել են հիմնական, ապա՝ երկրորդական փողոցները: Գոմքում իրականացված վերջին ծրագրով համակարգի արդիականացման նպատակով կատարելագործվել է կառավարման վահանակը, փոխարինվել է երաշխիքային ժամկետն անցած եւ շահագործումից շարքից դուրս եկած 71 LED-լուսարձակ, ներկվել են հոսանքի լարերի սյուները: Նոր՝ 50 Վտ հզորությամբ աշխատող լուսարձակներն առավել ծախսարդյունավետ են եւ ապահովում են ավելի բարձր լուսատվություն:

Էկոգյուղերի ցանկում ընդգրկված բոլոր բնակավայրերում բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED-լուսավորությունը 80%-ով կրճատում է էներգիայի ծախսը: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը կարեւոր են համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ բնապահպանության, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման տեսանկյունից:

Գոմքում գործընկերների իրականացրած ծրագրերը չեն սահմանափակվում արտաքին լուսավորության ենթակառուցվածքներ ստեղծելով: Գյուղում հասցրել են զգալ նաեւ նոր տեխնոլոգիաներով աշխատող՝ «էլեկտրական հովիվների» արդյունավետությունը: