14:27 | 30.04.24 | Նորություններ | 1655

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է նոր Black Box լաբորատորիան

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) բացվել է Black Box միջդիսիպլինար ինկուբացիոն լաբորատորիա։

Նոր լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստի եւ տեխնոլոգիաների փոխհարաբերության եւ միջոլորտային համագործակցության ուսումնասիրությունը: Այն իրականացնելու է ինկուբացիոն ծրագրեր՝ միտված գաղափարների եւ դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձեւավորմանը եւ միջդիսցիպլինար համագործակցությունների խթանմանը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) եւ «Galique Art SpaceArt Space»-ի կողմից հիմնված Black Box լաբորատորիայի գործունեության մեկնարկն ազդարարող միջոցառման շրջանակում ներկայացվել է «How do you want to live?/Ինչպե՞ս եք ցանկանում ապրել» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բաքերի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի աշխատանքները։

Միջդիսցիպլինար արվեստագետ Գոհար Սարգսյանը ներկայացրել է համանուն ինկուբացիոն ծրագրի շրջանակում ստեղծված իր հեղինակային «Մեդիտացիա 5 տարրերով» նախագիծը: Ներկայացվել է նաեւ Գուրգեն Գինոսյանի եւ Արմեն Տեր-Մկրտչյանի հեղինակային պերֆորմանսը՝ Camera Obscura խորագրով:

Միջոցառումը եզրափակվել է «Oda Talk» քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են «Black Box»-ի զարգացման տեսլականին ու կարեւորությանը՝ միջդիսցիպլինար համայնքի ձեւավորման հարցում: