14:36 | 16.04.24 | Նորություններ | 1594

Հայաստանում կգործի «Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» բակալավրի ծրագիր

Հանրությանը ներկայացվել է «Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին կրթական ծրագիրը։

Ապրիլի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը եւ Web3 Հայաստան հիմնադրամը հայտարարել են բացառիկ կրթական ծրագրի մեկնարկի մասին։

Web3 Հայաստան հիմնադրամից հայտնում են, որ այս ծրագիրն աշխարհում առաջինն է, որն առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ՝ դառնալով նշանակալից նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կարեւորել է կառավարության հանձնառությունը խթանելու նորարարությունը։

«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի թե՛ տեղական եւ թե՛ միջազգային շուկայի պահանջները բավարարող ծրագրերը։ Այս նախաձեռնությունը բուհ-մասնավոր հատված գործակցության վառ ապացույցն է։ Նման ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն եւ էլ ավելի մեծ կերպով աջակցության են արժանանալու կառավարության, մասնավորապես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից»,- նշել է նա:

photo © Web3 Հայաստան հիմնադրամ


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը կարող է լինել կրթական ոլորտում առաջամարտիկ։

«Մենք այսօր արձանագրում ենք երկու հաջողություն։ Համալսարանը Web3 Հայաստան հիմնադրամի հետ կարողացավ իրականություն դարձնել բլոկչեյն եւ արհեստական բանականություն դասընթացները։ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագիրը ոչ միայն ուսանողների համար ապահովեց նոր գիտելիքներ, այլեւ մասնագիտական աշխատանք գտնելու, վերաորակավորվելու եւ մրցունակ լինելու հնարավորություն։ Երկրորդը, մենք կարողացանք ծրագրի կենսունակությունը ապահովել եւ ներդնել նոր մասնագիտական կրթական ծրագիր՝ «Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ»։ Երկար չարչարվելու, բովանդակություն գեներացնելու շրջանակում ունեցանք ծրագիր, ստացանք լիցենզիան եւ այսօր արձանագրում ենք, որ այն առաջին բակալավրի որակավորում տվող կրթական ծրագիրն է։ Այս ոլորտում դիպլոմավորված մասնագետներ ստեղծելու ծրագրեր դեռեւս աշխարհում չկան»,-նշել է Գոռ Վարդանյանը։

photo © Web3 Հայաստան հիմնադրամ


«Նախաձեռնելով այս ծրագիրը՝ մենք կամրջում ենք տեսական գիտելիքների եւ գործնական կիրառման միջեւ ընկած անջրպետը: Մեր հիմնադրամը, համագործակցելով Պոլիտեխնիկական համալսարանի հետ, զարգացնելու է նոր սերունդ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը: Համաշխարհային մասշտաբով «Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին եւ միակ կրթական ծրագիրը Հայաստանը կտեղավորի քարտեզի վրա՝ որպես թվային կրթության եւ նորարարության առաջատար»,- ընդգծել է Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը:

Բակալավրիատի ծրագիրը, որը մշակվել է Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինել խորը գիտելիքներով եւ գործնական հմտություններով բլոկչեյնի վերաբերյալ: Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության եւ իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը:

Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է 2024 թվականին։