15:55 | 03.04.24 | Նորություններ | 1578

Modex-ը հրապարակել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասին զեկույց

Modex խորհրդատվական ընկերությունն իրականացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ուսումնասիրություն՝ ներկա իրավիճակի վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու նպատակով։

Զեկույցում նշվում է, որ ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) ձեռք բերված տվյալների հիման վրա։ 2022թ-ին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից բազմաթիվ ընկերությունների ու մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելու արդյունքում ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համայնապատկերը փոխվել է։

Ներկայացվել են ՏՏ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների շարժընթացը 2022-2023թթ-ին, կառուցվածքը ըստ ենթաոլորտների, բաշխումն ըստ աշխատողների թվի, ոլորտում վճարված աշխատավարձերը։

2022թ-ին ՏՏ ոլորտում գործել է 8011 տնտեսավարող սուբյեկտ, որից տարեվերջի դրությամբ իրենց գործունեությունը շարունակել է միայն 4964-ը։ 2023թ-ի ընթացքում ՏՏ ոլորտում գործունեություն է սկսել 3905 տնտեսավարող։

Ընդհանուր առմամբ, 2023թ-ի տարեվերջին ՏՏ ոլորտում գործել է 7,813 տնտեսավարող`մոտ 1,6 անգամ ավելի շատ, քան 2022թ-ի տարեվերջին։

2023թ-ի ընթացքում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացրած 11,671 տնտեսավարող սուբյեկտների 66%-ը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր։

Ձեռնարկատիրությունը ՏՏ ոլորտում ըստ ենթաոլորտների Ձեռնարկատիրությունը ՏՏ ոլորտում ըստ ենթաոլորտների
photo © Modex


2023թ-ի ընթացքում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտների 94,1%-ն զբաղվել է ծրագրային ապահովման մշակմամբ եւ հարակից գործունեությամբ, 5,5%-ը՝ տվյալների մշակմամբ, վեբ-պորտալների հետ կապված եւ հարակից այլ գործունեությամբ։
2023թ-ի տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33,980, ինչը 2022թ-ի տարեսկզբի համեմատ ավելի է 12,992-ով կամ 61.9%-ով, ընդ որում՝ 61.9% աճի առնվազն 44.2 տոկոսային կետը պայմանավորված է օտարերկրացիների, մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով։

ՏՏ ոլորտում վճարված աշխատավարձերը 2022-2023թթ ՏՏ ոլորտում վճարված աշխատավարձերը 2022-2023թթ
photo © Modex


2023թ-ի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվել են 410 միլիարդ դրամի չափով աշխատավարձեր եւ դրանց հավասարեցված վճարներ, ինչը 36%-ով կամ 107 միլիարդ 454 միլիոն դրամով ավելի է, քան նախորդ տարի։
ՏՏ ոլորտում վճարված աշխատավարձերի 95%-ը կամ 390 միլիարդ դրամ բաժին է հասել ծրագրային ապահովման մշակում եւ հարակից գործունեություն ենթաոլորտին։

Շրջանառությունը ՏՏ ոլորտում

2023թ-ին ՏՏ ոլորտի համախառն թողարկումը ընթացիկ գներով կազմել է մոտ 837 միլիարդ դրամ ՝ 252 միլիարդ դրամով ավելի, քան նախորդ տարի:

ՏՏ ոլորտի մաքուր թողարկումը շուրջ 32 միլիարդ դրամով ավելի շատ է եղել, քան համախառն թողարկումը։

Ընդ որում 2023թ-ին ՏՏ ոլորտի համախառն թողարկման կեսը բաժին է հասել ընդամենը 71 ընկերության։

2023-ին համախառն թողարկումը 78․5%-ը կամ 657 միլիարդ դրամ բաժին է ընկել ծրագրային ապահովման մշակման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։ Ընդ որում այս ոլորտի իրացման շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 44.4%-ով կամ 202 միլիարդ դրամով։

Ըստ Modex-ի տվյալների՝ 2023թ-ին Հայաստանում ՏՏ ոլորտի թողարկումը մեկ աշխատողի հաշվով կազմել է 21 միլիոն 659 հազար դրամ՝ 9.4%-ով ավելի, քան 2022-ին։ Համաձայն հաշվարկների, ոլորտի մեկ աշխատող միջինում 2023թ-ին գեներացրել է 18 միլիոն 538 հազար դրամի չափով ավելացված արժեք։

Ոլորտի ավելացված արժեքը հաշվարկելու համար օգտագործվել են ՏՏ ոլորտում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտների իրացման շրջանառության վերաբերյալ տվյալները եւ թողարկում/միջանկյալ սպառում գործակիցները։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։