14:05 | 28.03.24 | Նորություններ | 1697

Կայացել է Հայաստանի կիբեռ ռազմավարության թեմայով աշխատաժողով

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կիբեռանվտանգության եւ թվային քաղաքականության բյուրոյի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մարտի 27-ին եւ 28-ին կազմակերպել է աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով:

Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել ազգային կիբեռանվտանգության մակարդակը՝ հաշվի առնելով ներկա կիբեռ սպառնալիքները, կառավարման ռիսկերը եւ գլոբալ մարտահրավերները։

Աշխատաժողովի նպատակն էր նաեւ միավորել ազգային կարողությունները եւ համատեղել ինստիտուցիոնալ ջանքերը ազգային կիբեռ էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ, սահմանել կիբեռ կարողությունների զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաեւ ուրվագծել երկրի կիբեռ սպառնալիքների միջավայրը եւ կիբեռ դիմակայության բարձրացման առաջնահերթությունները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ազգային կիբեռանվտանգության ռազմավարության մշակման միջազգային մոտեցումները, մոդելները, ներդրման միջազգային առաջատար փորձը, ինչպես նաեւ կիբեռ կարողությունների զարգացման ռազմավարական մոտեցումները։

Այս աշխատաժողովը նպատակ ունի նաեւ ներկայացնել կիբեռ ռիսկերի զսպմանը եւ կառավարմանն ուղղված ռազմավարական ներդրումների ազգային շրջանակի, ուղղությունների եւ առաջնահերթությունների մշակման միջազգային առաջատար փորձը: