11:48 | 19.03.24 | Նորություններ | 2011
Nvidia-ն ներկայացրել է Blackwell միկրոչիպերի նոր սերունդը, որը նախատեսված է հիմնականում արհեստական բանականության ոլորտում զարգացումների համար։
Ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը Կալիֆորնիայում ծրագրավորողների համաժողովի ժամանակ ներկայացրել է նոր սերնդի չիպը եւ այն անվանել աշխարհի ամենահզոր չիպը։
Nvidia-ն նշում է, որ Blackwell պլատֆորմը, ներառյալ հարակից ծրագրակազմը, նախատեսված է գերարագ հաշվարկման համար, որը կօգնի հասնել բեկումնային տվյալների մեծ ծավալների մշակման, ինժեներական մոդելավորման, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման, դեղերի մշակման, քվանտային հաշվարկների եւ գեներատիվ AI-ի:
«Երեք տասնամյակ մենք հետապնդում ենք արագացված հաշվողականություն՝ հնարավորություն տալու այնպիսի առաջընթացների, ինչպիսիք են խորը մեքենայական ուսուցումը եւ արհեստական բանականությունը։ Գեներատիվ AI-ը մեր ժամանակի որոշիչ տեխնոլոգիան է: Blackwell-ը նոր արդյունաբերական հեղափոխության շարժիչն է», - ասել է Հուանգը:
Apple-ը, Microsoft-ը եւ Amazon-ը նույնպես մշակում են AI-ի վրա աշխատող չիպեր, սակայն Nvidia-ի հիմնական մրցակիցների արտադրանքը դեռ չի կարող համապատասխանել նույնիսկ 2022 թվականին թողարկված H100 չիպի հզորությանը եւ արդյունավետությանը:
H100-ները AI-ով աշխատող ծրագրերի մեծ մասի հիմքում են: ChatGPT չատբոտը նույնպես վերապատրաստվել է Microsoft-ի սուպերհամակարգչում տեղադրված 10 հազար Nvidia GPU-ների միջոցով։ Nvidia-ն պնդում է, որ Blackwell պրոցեսորները չորս անգամ ավելի արագ են, քան նախորդ սերնդի AI մոդելները, ինչպես նաեւ ապահովում են 25 անգամ ավելի բարձր էներգիայի արդյունավետություն:
Ընկերությունը հայտնել է, որ իր հիմնական հաճախորդները, այդ թվում՝ Amazon-ը, Google-ը, Microsoft-ը, Meta-ն, Tesla-ն եւ OpenAI-ը, կօգտագործեն նոր չիպը ամպային հաշվողական ծառայություններում եւ իրենց սեփական արհեստական ինտելեկտի զարգացումների համար: