Fastex-ը հայտնել է, որ կաջակցի Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությանը, որը տեղի կունենա ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը:
Նույն ժամանակահատվածում Վենետիկում կցուցադրվի նաեւ Fastex-ի նախագիծ AKNEYE-ը:
Բիենալեի ընթացքում AKNEYE-ի «Ֆիջիթալ Սփեյսեր» տաղավարը կներկայանա ոչ մրցութային նախագիծ, որտեղ կցուցադրվեն բազմաթիվ հայ, ինչպես նաեւ միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների քանդակները, իսկ այցելուները կկարողանան նորովի բացահայտել այլընտրանքային «արվեստը շարժման մեջ»:
«AKNEYE տաղավարը նման չէ որեւէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի եւ միջավայրի միջեւ», - նշել է ցուցադրության հանձնակատար Վիգեն Բադալյանը:
Արվեստի կուրատոր Անաստասիա Դոուսոնի խոսքով՝ AKNEYE-ի «Ֆիջիթալ Սփեյսերը» ներկայացնում են արվեստի ավանդական մոտեցումների եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումը: Քանդակի եւ NFT տեխնոլոգիայի համադրումը հնարավորություն է տալիս դիտողին տեսնել նոր իրականություն՝ միավորելով ֆիզիկական եւ թվային աշխարհները:
Կարեւորելով հայ արվեստագետներին աջակցելը՝ AKNEYE-ը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տաղանդավոր արվեստագետների ներկա գտնվել Վենետիկում Բիենալեի օրերին եւ AKNEYE տաղավարում ստեղծել իրենց աշխատանքները՝ ներկայացնելով դրանք ցուցադրության այցելուներին: