11:58 | 07.03.24 | Նորություններ | 2197

DO Challenge 2024 ծրագրավորման մրցույթն ընդունում է հայտեր

DeepOrigin կենսատեխնոլոգիական ընկերությունը հրավիրում է ծրագրավորողներին մասնակցել DO Challenge 2024 ծրագրավորման մրցույթին։

DO Challenge 2024 մրցույթը նախատեսված է մեքենայական ուսուցման եւ ծրագրավորման ուղղություններում հմտացած թիմերի համար։ Մրցույթի ընթացքում նրանց տրվելու են մեքենայական ուսուցման (ML) ու մոլեկուլյար դինամիկայի (MD) վերաբերյալ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն 10 ժամում։

DO Challenge 2024-ի հաղթող թիմը կստանա 3000, երկրորդ տեղ զբաղեցնողը՝ 2000, իսկ երրորդը՝ 1000 դոլարին համարժեք դրամ։ Մրցույթն ունի նաեւ «Նորարարական գաղափար» անվանակարգ։ Մասնակից թիմերը պետք է կազմված լինեն մինչեւ 4 հոգուց։

Դիմելու վերջնաժամկետը մարտի 15-ն է։ Մրցույթը կանցկացվի մարտի 23-ին։ Պայմաններին ծանոթանալ եւ գրանցվել հնարավոր է այստեղ։

DeepOrigin ամերիկյան ընկերությունը, որը վերջերս միավորվել է հայկական Biosim AI-ին, հիմնվելով գիտական հաշվարկների վրա եւ միավորելով մեքենայական ուսուցման, արհեստական բանականության ու քվանտային քիմիայի ժամանակակից գաղափարները, իրականացնում է դեղերի հայտնաբերման համար թվային մոդելների մշակում եւ դրանց կառուցվածքների ստեղծում։ Ընկերության ստեղծած թվային լուծումները արագացնում են դեղամիջոցների հայտնաբերումը քվանտային ճշգրտությամբ։