14:29 | 04.03.24 | Նորություններ | 1744

Երկու օրում ԱՐՄԵԴ համակարգը հայտ է ստացել ավելի քան 500 դեղատնից

Մարտի 1-ին եւ մարտի 2 -ին ԱՐՄԵԴ համակարգը ավելի քան 500 դեղատնից հայտ է ստացել։

ԱՐՄԵԴ-ից հայտնում են, որ դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատներում համակարգչի եւ ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:

«Ցանկացած նոր համակարգի ներդրման սկզբում ի հայտ են գալիս խնդիրներ: Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր մարտի 1-ից գործընթացի ներդրման եւ դեղատների կողմից մինչեւ մարտի 1-ը ԱՐՄԵԴ-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, գործող օրենսդրությամբ դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձանց համար ԱՐՄԵԴ համակարգին միանալը պարտադիր է:

Չնայած դրան՝ միայն մարտի 1-ին եւ մարտի 2-ին ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը հայտեր է ստացել ավելի քան 500 դեղատնից: Մեր թիմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարելու համար:

Գործընթացի սահուն ներդրումն ապահովելու համար կարեւոր է նաեւ դրանում ներգրավված բոլոր օղակների աշխատանքն ու պատրաստակամությունը: Մեր թիմն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, եւ բոլոր հարցերի դեպքում թե՛ դեղատները, թե՛ բուժհաստատությունները կարող են կապ հաստատել մեզ հետ»,- ասվում է ԱՐՄԵԴ-ի հաղորդագրության մեջ: