11:16 | 14.02.24 | Նորություններ | 1509

Nvidia-ն թողարկել է ChatGPT-ի անվճար և օֆլայն անալոգը

Nvidia-ն թողարկել է ChatGPT չաթբոտի սեփական անալոգը, որը կոչվում է Chat with RTX:

Ծառայության անվճար դեմո տարբերակն արդեն հասանելի է Windows 11 օպերացիոն համակարգում, որն աշխատում է օֆլայն:

Chat with RTX-ը թույլ է տալիս ձեր համակարգչում գործարկել անձնական AI չաթբոտ: Դուք կարող եք դրա հետ կիսվել ձեր ֆայլերով, փաստաթղթերով կամ տեսանյութերով՝ ամփոփումներ ստեղծելու, տեղեկատվությունը վերլուծելու եւ ձեր սեփական տվյալների հիման վրա համապատասխան պատասխաններ ստանալու համար: Այս ամենն աշխատում է լոկալ համակարգչի վրա տեխնիկական հետեւյալ պահանջներով. անհրաժեշտ է RTX 30 կամ 40 սերիայի վիդեո քարտ՝ առնվազն 8 ԳԲ վիդեո հիշողությամբ, ինչպես նաեւ 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Քանի որ Chat with RTX-ն աշխատում է լոկալ եւ չի մուտք գործում ամպային սերվերներ, անձնական տվյալների արտահոսքը բացառվում է, վստահեցնում են Nvidia ընկերությունից։

The Verge-ի խմբագիրները, ովքեր արդեն փորձարկել են ծառայությունը, նշել են, որ Chat with RTX-ը լավ է հաղթահարում վերլուծության առաջադրանքները։ Սա կարող է օգտակար լինել յուրաքանչյուրի համար, ով աշխատում է մեծ քանակությամբ տեղեկատվության հետ:

Ծառայությունը կարող է նաեւ մշակել տեսանյութեր YouTube-ից: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը URL տրամադրել, եւ Chat with RTX-ը կարող է գտնել կոնկրետ հղումներ տեսանյութում կամ ամփոփել ամբողջ տեսանյութը:

Օգտագործման մեկ այլ տարբերակ PDF ֆայլերի սկանավորումն է՝ հիմնական տեղեկատվությունը հանելու համար: Ամեն ինչ աշխատում է գրեթե ակնթարթորեն, առանց որեւէ ուշացումների, որոնք սովորաբար նկատվում են ChatGPT կամ Copilot ամպային չաթբոտերից օգտվելիս:

Chat with RTX-ի տեղադրման ֆայլի ծավալը 35 ԳԲ է: Այն կարող եք ներբեռնել Nvidia կայքից։