10:39 | 06.02.24 | Նորություններ | 6904

Fastex-ը մինչեւ 5 մլն FTN կտրամադրի «Օլիմպիոնիկ» մարզական հիմնադրամին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամը եւ Fastex-ն այսուհետ կհամագործակցեն։

Նպատակը Հայաստանում սպորտի զարգացման, մարզիկների մրցունակության բարձրացման, վերջիններիս կենսական պայմանների բարելավման, ինչպես նաեւ ներպետական սպորտի ոլորտում գրանցվող հաղթանակների խթանումն ապահովելն է։

Համաձայն պայմանավորվածության Fastex-ը կտրամադրի մինչեւ 5 միլիոն FTN (Fasttoken), որպեսզի աջակցություն ցուցաբերվի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու եւ շախմատ մարզաձեւերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին եւ նրանց մարզիչներին։

Fastex-ից հայտնել են, որ ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել եւ մինչեւ 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայմանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար եւ թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:

«Ամբողջ աշխարհում ընդունված է ներգրավել հովանավորներ, որոնք կլուծեն հարցեր, որոնք չեն մտնում պետության հոգածության տակ եղած հարցերի շրջանակում: «Ֆասթեքս»-ի հետ նախնական պայմանավորվածություն արդեն ունենք: Շատ մոտ ապագայում կկնքենք հուշագիր, դրանից հետո կստորագրվի եռակողմ պայմանագիր ԿԳՄՍՆ-ի, «Ֆասթեքս»-ի եւ «Օլիմպիոնիկ» հիմնադրամի միջեւ: Դրանից հետո կունենանք հնարավորություն շատ արագ եւ կոնկրետ լուծում տալ բազմաթիվ խնդիրների»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Մենք գիտակցում ենք ներպետական սպորտի զարգացման անհրաժեշտությունը եւ մարզիկների հաղթանակները խրախուսելու միջոցով ուզում ենք էլ ավելի ընդգծել նրանց ձեռքբերումների եւ մրցանակների կարեւորությունը՝ Հայաստանի սպորտի զարգացման եւ պատմության համար», - ասել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

«Գործակցությունը կրելու է երկարաժամկետ եւ ռազմավարական բնույթ, որի շրջանակում Fastex-ը ֆինանսավորելու է սպորտի տարբեր ուղղություններ՝ խրախուսելով ինչպես գործող մարզիկներին, այնպես էլ նոր սերնդի պատրաստումը», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:  

ԿԳՄՍ նախարարությունը եւ «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամը պարտավորվել են գործադրել բոլոր ջանքերը հուշագրով սահմանված նպատակներն իրագործելու համար։