11:19 | 19.01.24 | Նորություններ | 16555

Viva University. երկարաժամկետ ներդրում երիտասարդների մասնագիտացման համար

«Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի նպատակը երկարաժամկետ ներդրում ունենալն է երիտասարդների մասնագիտացման ու զարգացման գործում:

Վիվա-ՄՏՍ-ն ավելի քան 8 տարի հետեւողական է այդ հարցում: Տարբեր բուհերից ընտրված եւ ծրագրին մասնակցած 22 ուսանող երկու ամսվա ընթացքում կարեւոր փորձ է կուտակել վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Ավարտական հավաստագիրը նրանց համար ոչ թե ուղղակի փաստաթուղթ է, այլ՝ լուրջ փորձառության վկայություն եւ առավելություն որեւէ տեղ աշխատելու ցանկության դեպքում:

«Դուք Վիվա-ՄՏՍ-ից հեռանում եք հարուստ փորձով, որն անկախ ձեր ընտրած մասնագիտությունից՝ կիրառելի է եւ արժեքավոր: Այն, ինչ հետագայում պետք է բացահայտեիք աստիճանաբար, ստացել եք կարճ ժամանակում: Կարծում եմ՝ հասցրել եք նկատել, որ կարեւոր է կառավարել ոչ միայն ժամանակը, թիմն ու գործընթացները, այլեւ՝ հույզերը: Եվ որ հաջողում է նա, ով համբերատար է եւ հաղորդակցվելիս կարեւորում է հարգանքն ու ընկերության ստանձնած արժեհամակարգը: Շնորհավորում եմ բոլորիդ՝ հավատալով, որ այստեղ ստացածը ձեզ համար ամուր հիմք եւ օրինակ կլինի հետագայում: Վստահ կարող եմ ասել, որ դասընթացն անցած յուրաքանչյուր ուսանող պատրաստ է աշխատաշուկա մտնել, նկատելի հաջողությունների հասնել եւ բարձր արդյունքներ արձանագրել»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված ուսանողները Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, բացահայտել են գործընկերային հաղորդակցման նրբությունները, ծանոթացել միջֆունկցիոնալ փոխհարաբերություններին ու հասկացել թիմային աշխատանքի կարեւորությունը:

Հատկապես կառավարման ֆակուլտետում սովորող ուսանողները համոզված են՝ ղեկավար լինելու եւ հաջողելու ճանապարհը պետք է սկսել ցածր օղակներից: Նրանք ձեռք են բերել արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ աշխատակից-ղեկավար, աշխատակից-բաժանորդ, աշխատակից-գործընկեր հարաբերություններում, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները եւ յուրացրել դրանք առաջարկելու ճկունությունն ու մարքեթինգային գործիքները: Փորձով հմտացած երիտասարդներն անհամեմատ ավելի հեշտ կարող են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում եւ լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավելին՝ 6 ուսանող արդեն իսկ աշխատանքի է անցել Վիվա-ՄՏՍ-ում»,- ասված է հաղորդագրությունում:

Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում եւ մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող: Առաջին փուլի մասնակիցները մասնագիտացել են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) եւ վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Երկրորդ փուլի 22 ուսանող հմտացել է Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների աշխատանքներում։