14:34 | 08.12.23 | Նորություններ | 22437
«Wi-Fi Calling» ծառայությունն արդեն հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի ցանցում: Կան վայրեր, որտեղ բջջային ցանցի ազդանշանը թույլ է կամ անհասանելի, ինչը խնդիր է առաջացնում զանգահարելիս կամ զանգեր ստանալիս:
Վիվա-ՄՏՍ-ը Wi-Fi Calling ծառայության միջոցով եւ VoWi-Fi տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնով թույլ է տալիս ընկերության բաժանորդներին զանգեր կատարել Wi-Fi ցանցի միջոցով թե՛ տանը, թե՛ արտերկրում։ Պարզապես պետք է միանալ որեւէ Wi-Fi ցանցի եւ շարունակել օգտվել բջջային ծառայություններից: Զանգահարելիս ու զանգեր ստանալիս գործում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները:
«Վիվա-ՄՏՍ-ի համար անչափ կարեւոր է, որ ընկերության բաժանորդները սմարթֆոնների գործառույթները կիրառելու ավելի շատ հնարավորություններ ունենան: Ընկերությունն առաջարկում է նորարարական ծառայություններ, որոնց առանցքում IMS (IP Multimedia Subsystem) համակարգն է։ Այսօր դժվար է պատկերացնել կյանքն առանց բջջային հեռախոսի: Շատերիս համար սմարթֆոնները պարզապես անփոխարինելի են։ Մենք սովոր ենք, որ բջջային կապը եւ Wi-Fi-ը գործում են իրարից զատ, բայց երբեմն հայտնվում ենք այնպիսի վայրերում, որտեղ բջջային կապը հասանելի չէ, բայց կա Wi-Fi ցանց։ Հենց այստեղ է օգնության հասնում Wi-Fi Calling-ը, բայց այս տեխնոլոգիայի հնարավորությունները սրանով չեն սահմանափակվում։ Wi-Fi Calling-ի միջոցով կատարված զանգը համարվում է տեղական, այսինքն՝ խոսում եք նույն գնով, ինչ Հայաստանում: Նոր տեխնոլոգիաներ ներդնելով՝ մենք փորձում ենք մեր բաժանորդների կյանքը դարձնել ոչ միայն հարմարավետ, այլեւ ավելի շահավետ»,- ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Wi-Fi Calling-ը կարող է օգնության հասնել այն վայրերում, որտեղ բջջային կապը համեմատաբար թույլ է, օրինակ՝ երբ գտնվում եք ստորգետնյա, կիսանկուղային տարածքներում, ամառանոցներում եւ ցանկացած այլ վայրում, որտեղ կապն անկայուն է, բայց առկա է Wi-Fi ցանց։ Պարտադիր չէ, որ Wi-Fi Calling-ով զանգահարելիս զանգը ստացող անձը նույնպես ունենա ակտիվ Wi-Fi Calling ծառայություն, որպեսզի կարողանա պատասխանել զանգին:
Wi-Fi Calling ծառայությունը չի նախատեսում ռոումինգի ակտիվացում կամ հատուկ OTT հավելվածի ներբեռնում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ արտադրողի կողմից ներդրված եւ մեր տարածաշրջանի համար ակտիվացված Wi-Fi Calling ֆունկցիայով սմարթֆոն, սմարթֆոնի կարգավորումներում ակտիվացնել Wi-Fi Calling-ը եւ միանալ որեւէ Wi-Fi ցանցի։
Արդյունքում, անգամ բջջային ցանցին միացած չլինելու (անհասանելի) դեպքում կամ ինքնաթիռի ռեժիմում, Wi-Fi ցանցում գրանցվելուն պես զանգերն ավտոմատ կերպով կկատարվեն Wi-Fi Calling-ի միջոցով:
Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երեւում է սմարթֆոնի էկրանին: VoWi-Fi-ի կարգավիճակը կարելի է ստուգել նաեւ *412# հրահանգի միջոցով: