Google-ը գործարկել է Gemini նեյրոնային ցանցը, որն առաջին անգամ ներկայացրել էր դեռեւս մայիսին I/O 2023 միջոցառման ժամանակ:
Ընկերությունն այն անվանում է իր ամենահզոր եւ արդյունավետ արհեստական բանականության մոդելը:
Gemini-ն ներառում է երեք բաղադրիչ՝ Ultra (ամենամեծ եւ ֆունկցիոնալ), Pro (առաջադրանքների լայն շրջանակի համար) եւ Nano (հատուկ առաջադրանքների եւ շարժական սարքերի համար): Բոլորն աջակցում են նկարներ, աուդիո եւ տեսանյութեր:
Ultra-ն այս շարքում ամենահզորն է: Այն ներառում է տեղեկատվություն 57 առարկայի (մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն, իրավունք, բժշկություն, էթիկա եւ այլն) վերաբերյալ եւ կարող է ինքնուրույն ստուգել փաստերը ու լուծել խնդիրներ։
«Gemini-ն Google-ի տարբեր թիմերի համատեղ աշխատանք է: Այս մոդելը ստեղծվել է զրոյից։ Այն կարող է ամփոփել եւ հեշտությամբ հասկանալ, մշակել եւ համատեղել տարբեր տեսակի տեղեկատվություն, ներառյալ տեքստը, կոդը, ձայնը, պատկերները եւ տեսանյութերը»,- ասել է Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը:
Gemini-ի նպատակն է հեշտ ինտեգրվել API-ների եւ այլ գործիքների հետ: Հետեւաբար, դեկտեմբերի 13-ից ծրագրավորողները եւ ձեռնարկությունների հաճախորդները կկարողանան մուտք գործել Pro մոդել: Այսօրվանից Google Bard-ը կօգտագործի այն՝ օգնելու օգտատերերին պլանավորել, հասկանալ բարդ թեմաները եւ այլն:
Ավելի ուշ նրանք կբացեն Nano-ի հասանելությունը։ Դրա միջոցով մշակողները կկարողանան հավելվածներ ստեղծել Android-ի համար։
Bard Advanced-ը նախատեսվում է թողարկել հաջորդ տարվա սկզբին՝ Ultra մոդելի հիման վրա: Սա կլինի չատբոտի ամենամեծ թարմացումը դրա ներդրումից ի վեր: