12:46 | 07.12.23 | Նորություններ | 1503

Formula VC-ն ներդրում է կատարել ProdMap ստարտափում

Formula VC վենչուրային ֆոնդը 200 հազար դոլարի չափով ներդրում է կատարել հայկական ProdMap ստարտափում։

Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում 15-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ, Formula VC-ն մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

Prodmap AI-ը կառավարման եւ գործառնական հարցերի համար նախատեսված հարթակ է, որը թույլ է տալիս արհեստական բանականության կիրառությամբ մեկ հարթակում ստեղծել պրոդուկտներ, կառավարել նախագծերի ճանապարհային քարտեզներ, ապահովել թիմերի կապը։

«Ներդրում կատարելով ProdMap-ում՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը աջակցել նորարարական լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպություններին կենտրոնացնել պրոդուկտի մշակումը եւ կառավարումը օգտագործողի համար հարմար մեկ հարթակում՝ վերացնելով բազմաթիվ փաստաթղթերի եւ գործիքների անհրաժեշտությունը: Ուրախ ենք աջակցել ProdMap-ին եւ անհամբեր սպասում ենք այն դրական արժեքին, որը հարթակը կստեղծի բիզնեսների եւ թիմերի համար՝ հնարավորություն տալով նրանց ավելի արդյունավետ կերպով հասնել իրենց նպատակներին»,- նշել է Formula VC-ի համահիմնադիր, գործընկեր Կարեն Վարդանյանը։

«Formula VC-ի հետ համագործակցությունն առաջին իսկ օրվանից շատ սահուն ու արդյունավետ է, եւ ուրախ ենք, որ նախասաղմնային փուլում ի դեմս ֆոնդի ունենք նման աջակցող գործընկեր։ Ներդրումը կօգնի զարգացնել պրոդուկտը եւ ճիշտ դիրքավորել ProdMap-ը շուկայում»,-նշել է ProdMap AI-ի համահիմնադիր եւ տնօրեն Րաֆֆի Օհանյանը։