11:34 | 22.11.23 | Նորություններ | 1892

Սեմ Ալթմանը վերադառնում է OpenAI որպես գործադիր տնօրեն

OpenAI-ը X-ում գրել է, որ «սկզբունքային համաձայնություն» է ձեռք բերել «նոր» տնօրենների խորհրդի հետ՝ Սեմ Ալթմանին վերադարձնելու գործադիր տնօրենի պաշտոնին:

«Մենք շարունակում ենք մանրամասների քննարկումը։ Շատ շնորհակալ եմ ձեր համբերության համար»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Ալթմանն իր հերթին գրել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իր բոլոր ջանքերն ուղղված էին օգնելու «պահպանել թիմը եւ դրա առաքելությունը»: «Ես չեմ համբերում վերադառնալ OpenAI-ին եւ շարունակել աշխատել Microsoft-ի հետ գործընկերության ամրապնդման վրա՝ այժմ նոր տնօրենների խորհրդի եւ [Microsoft-ի գործադիր տնօրեն] Սաթյա Նադելլայի աջակցությամբ», - գրել է նա:



Ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Գրեգ Բրոքմանը նույնպես կվերադառնա։

Նոր, բայց մինչ այժմ ժամանակավոր խորհրդի անդամների թվում OpenAI-ն անվանել է ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսին, Quora-ի համահիմնադիր Ադամ Դ'Անջելոյին (նա եղել է խորհրդի անդամ Սեմի պաշտոնանկության ժամանակ), ինչպես նաեւ Salesforce-ի նախկին գործադիր տնօրեն Բրետ Թեյլորը։

Ըստ բանակցություններին ծանոթ աղբյուրի՝ The Verge-ի, այս խորհրդի խնդիրն է առավելագույնը ինը հոգուց բաղկացած տնօրենների վերջնական կազմ հավաքել: Ամենայն հավանականությամբ, ինքը՝ Ալթմանը, եւ Microsoft-ը կստանան երկու տեղ։ Վերջինիս ղեկավար Սաթյա Նադելլան «ոգեւորված» է խորհրդի փոփոխություններով եւ «կարծում է, որ սա առաջին քայլն է դեպի ավելի կայուն, թափանցիկ եւ արդյունավետ կառավարում»։



Նշենք, որ OpenAI-ի տնօրենների խորհուրդը նոյեմբերի 18-ին հայտարարեց Սեմ Ալթմանի պաշտոնանկության եւ խորհրդի կազմից հեռանալու մասին։ Սկզբում Միրա Մուրատին նշանակվեց տեխնիկական տնօրենի պաշտոնում, հետո, երբ ներդրողները պահանջեցին վերադարձնել Ալթմանին, նրան փոխարինեց Twitch-ի համահիմնադիր Էմմեթ Շիրը: Շիրին նույնիսկ հաջողվել է աշխատանքային առաջին 30 օրվա գործողությունների ծրագիր կազմել։

Ընկերությունն Ալթմանին աշխատանքից ազատելու պատճառ նշել է նրա «անկեղծության բացակայությունը»: Միեւնույն ժամանակ, ոչ Շիրը, ոչ Նադելլան չեն հասկացել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են ստիպել խորհրդին դիմել այս միջոցին, նշել է Insider-ը։ Աշխատակիցները երկու բացատրություն են ստացել համահիմնադիր Իլյա Սուցկվերից. Սեմն իբր «երկու հոգու նույն նախագիծն է տվել» եւ խորհրդի երկու անդամներին հակադիր կարծիքներ է հայտնել աշխատակիցներից մեկի մասին:

Ալթմանին հետեւելով՝ Բրոքմանը եւ երեք ավագ հետազոտողներ լքեցին ընկերությունը: Առաջին երկուսը եւ մյուս գործընկերները, որոնք լքել են նախագիծը (անունները չեն նշվում), գրեթե անմիջապես միացան Microsoft-ի հետազոտական թիմին:

Աշխատակազմը կոչ է արել համահիմնադիրներին վերադառնալ ընկերություն եւ լուծարել խորհուրդը։ OpenAI-ի շուրջ 770 աշխատակցից մոտ 700-ը ստորագրել է Սեմին հետ վերադարձնելու պահանջագիր։ Հակառակ դեպքում նրանք սպառնում էին աշխատանքից դուրս գալ եւ միանալ Microsoft-ին։ Միաժամանակ Սուցկվերը խոստովանել է, որ ափսոսում է խորհրդի գործողություններին իր մասնակցության համար։ Այս ընթացքում ակտիվ բանակցությունների արդյունքում OpenAI-ին հաջողվեց վերադարձնել Ալթմանին։