14:42 | 02.11.23 | Նորություններ | 2136

Instigate-ը համագործակցում է Մխիթարյան Միաբանության հետ

Հոկտեմբերի 19-ից 22-ը Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում տեղի է ունեցել սուրբ Ներսես Շնորհալու հիշատակին եւ վանականությանը նվիրված գիտաժողովը եւ «Հավատով Խոստովանիմ» աղոթագրքի բազմալեզու հրատարակության շնորհանդեսը։

Գիտաժողովի ընթացքում «Ինստիգեյթի» համահինադիր Վահագն Պողոսյանն իր զեկույցում ներկայացրել է Մխիթարյան Միաբանության նորաստեղծ առցանց տեղեկատվական հարթակը եւ հավելվածը, ինչպես նաեւ «Գիտական Հետազոտությունների Զարգացման Կենտրոն» հիմնադրամի առաքելությունը եւ ծրագրերը։

Մխիթարյան Միաբանության թվային հարթակը եւ դյուրակիր հավելվածը մշակվում են «Գիտական Հետազոտությունների Զարգացման Կենտրոն», «Իրական դպրոց» եւ «Դասական դպրոց» կրթամշակութային հիմնադրամների համատեղ ջանքերով եւ «Ինստիգեյթ» ընկերության հովանավորությամբ։

Հարթակում հրապարակված թվային մատյանն այս տարի լույս տեսած Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթագրքի հիսնալեզու թարգմանությունն է։ Հավելվածում գրքի թվային տարբերակը ներկայացված է ամբողջությամբ, ինչպես նաեւ առանձին լեզուներով բեռնելու եւ առցանց ընթերցելու հնարավորությամբ։ Իսկ տպագիր տարբերակն արդեն հանձնված է տպագրության Հայաստանում եւ շուտով լույս կտեսնի։

«Մեր ներկայացրած թվային հարթակը հանդիսանում է միջմասնագիտական խաչմերուկ, որում կարող են համագործակցել բանասերները, մանկավարժները, քաղաքագետները, ճարտարագետները, տեղեկագետները եւ աստվածաբանները։ Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը չի կարող առանձին դիտարկվել «հասարակագիտական» հռչակված առարկաներից կամ այլ ոչ ճշգրիտ գիտություններից, եւ հակառակը։ Ցուցակում նշված քաղաքակրթագիտական թեզերը այս հանգամանքն ընդգծող վառ օրինակներ են»,- նշել է Instigate-ի համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական եւ այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր եւ ինքնաբավ ընկերություններ են։