17:39 | 17.10.23 | Նորություններ | 1916

Սիլիկոնյան լեռներ 2023-ը միավորել է ՏՀՏ ոլորտի առաջնորդներին

Հոկտեմբերի 17-ին մեկնարկել է «Սիլիկոնյան լեռներ 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը:

Այս տարի այն նվիրված էր «խելացի երկրի» մարտահրավերներին եւ տնտեսության տարբեր ճյուղերում խելացի թվային լուծումների ուսումնասիրմանը:
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշել է, որ «Silicon Mountains»-ը հարթակ է՝ եւս մեկ անգամ շեշտելու մարդու եւ պետության դերը տեխնոլոգիաների զարգացման ու արդյունավետ կառավարման գործում:

Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» ՀՀ պետական մրցանակի 2022 թ. դափնեկիր, Adobe ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը. նա հանդես է եկել դասախոսությամբ, այնուհետեւ պատասխանել մասնակիցների հարցերին:

Տեղի է ունեցել նաեւ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված հատուկ ծրարի մարման արարողությունը: Այն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Adobe ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հատուկ ծրարի վրա պատկերված էր «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» ՀՀ պետական մրցանակի 13-րդ դափնեկիր Շանթանու Նարայենը:

Գագաթնաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ՝ «Խելացի երկիր», «Խելացի բիզնես» եւ «Խելացի քաղաքացի» թեմաներով:

2019 թվականից արդեն հինգերորդ անգամ անցկացվող «Սիլիկոնյան լեռներ» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչը ՏՀՏԳՄ-ն է: Գագաթնաժողովն ամեն տարի մեկ հարկի տակ է միավորում տեխնոլոգիական ոլորտի հայաստանյան եւ միջազգային փորձագետների, պետական, հասարակական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչների։