16:09 | 13.10.23 | Նորություններ | 1744

Աշխատանքի եւ ստաժավորման եզակի հնարավորություն Թիմից՝ DigiTec-ի այցելուներին

Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք 2023 ցուցահանդեսին Թիմ ընկերությունների խումբը այս տարի ներկայանում է HR տաղավարով՝ կրճատելով աշխատանքի դիմելու եւ հարցազրույցի փուլին հասնելու գործընթացը։

Թիմին միանալ ցանկացող մասնագետները կարող են տեղում դիմել աշխատանքի եւ անցնել հարցազրույցներ, իսկ ուսանողները՝ դառնալ «Team սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք ամբողջությամբ փոխեցինք էքսպոյին մեր մասնակցության ձեւաչափը՝ հնարավորություն տալով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին տեղում ծանոթանալ առկա թափուր հաստիքներին, ներկայացնել ինքնակենսագրություն եւ անցնել հարցազրույցներ։

Ուսանողներին էլ առաջարկում ենք դիմել «Team սերունդ» ստաժավորման մեր ծրագրին, որը Թիմում կարիերան սկսելու ամուր հիմք է»,- նշել է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Ցուցահանդեսի մասնակիցները կարող են դիմել Թիմի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia, ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ ստեղծող Team Solutions եւ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող TeamPay ընկերություններ։ Թիմի երեք ընկերությունում այս պահին կա ավելի քան 25 հաստիք։ Շրջանակը լայն է․ սկսնակ մասնագետներից մինչեւ կառավարման փորձ ունեցող աշխատակիցներ։

«Team սերունդ» ծրագրի շրջանակում ուսանողներն անցնում են վճարվող ստաժավորում Team Telecom Armenia-ի տարբեր ստորաբաժանումներում։

ԴիջիԹեք էքսպոն մեկնարկել է Մերիդիան էքսպո կենտրոնում, կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը։ Team Telecom Armenia-ն ցուցահանդեսի հովանավորն ու տեխնոլոգիական գործընկերն է։