10:22 | 09.10.23 | Նորություններ | 2711

Հայաստանը մասնակցել է DeGamefi WEB3 կոնֆերանսին

Հայաստանի WEB3 համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Թբիլիսիում անցկացված ամենամյա DeGamefi WEB3 կոնֆերանսին:

Հայաստանից կոնֆերանսին որպես խոսնակ ելույթ է ունեցել WEB3 Հայաստան հիմնադրամի եւ Blockstars-ի հիմնադիր Արտյոմ Հարությունյանը։ Կոնֆերանսի հիմնական թեման կրիպտոն, բլոկչեյնը, արհեստական ինտելեկտը եւ Web3 տարածությունն էր։

Արտյոմ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, կրիպտոյի հետ կապված օրենսդրական կարգավորումները:

«Հայաստանում կրիպտոյի հետ կապված օրենքներն ավելի խիստ են, քան Վրաստանում։ Իհարկե, ոչ մի օրենք կամ կարգավորում ձեզ չի խանգարում կրիպտոն օգտագործել, բայց միեւնույն ժամանակ բանկերն ու կարգավորողները այնքան էլ չեն ողջունում այդ փաստը։ Այս կոնտեքստում Վրաստանը մեզնից առաջ է, սակայն մենք էլ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-նշել է Արտյոմ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նման միջազգային կոնֆերանսները շատ կարեւոր են հատկապես ոլորտում փորձի փոխանակման եւ նոր գաղափարների գեներացման համար։

DeGamefi-ն անցկացվում էր երկրորդ անգամ։ Միջոցառմանը մասնակցել են վրացական եւ միջազգային ընկերությունների փորձագետներ, մտքի առաջնորդներ եւ նորարարներ բլոկչեյնի եւ Web3 տարածության մեջ: Անցկացվել են պանելային քննարկումներ եւ անհատական ելույթներ ամենաարդիական թեմաների շուրջ, ինչպես նաեւ կազմակերպվել է նորարարությունների էքսպո։