15:58 | 18.09.23 | Նորություններ | 2135

Գյումրիում բացվել է Իմփաքթ Հաբի մասնաճյուղ

Շիրակի մարզում բացվել է «Իմփաքթ Հաբ Գյումրի» մասնաճյուղը:

Իմփաքթ Հաբի դեպի Գյումրի ընդլայնման նպատակը ոչ միայն տեղական ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը նպաստելն է, այլեւ` աշխարհագրական սահմանները ճչանաչող կապերի խթանումը:

Իմփաքթ Հաբ Հայաստանը տարիներ շարունակ ստարտափների, ստեղծարար եւ փոփոխություններ բերող անձանց ու կազմակերպությունների համար եղել է ձեռնարկատիրական աճի եւ դինամիկ էկոհամակարգի խթանման առաջնագծում:

Ինչպես նաեւ տրվել է Շիրակի մարզի ԿՐԵԼԱԲ-ի մեկնարկը, որն ընդգրկում է թվային արտադրության եւ հարակից ոլորտները: Այս նախաձեռնության նպատակն է նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը եւ Շիրակի մարզում կանանց հզորացմանը: Կենտրոնի ծրագրերին մասնակցելու արդյունքում կանայք եւ երիտասարդները կունենան մասնագիտական եւ ձեռնարկատիրական գիտելիքների ու հմտությունների զարգացման, թվային ոլորտում եկամտաբեր արտադրանք ստեղծելու հնարավորություններ, որն իր հերթին կստեղծի աշխատանքի նոր հեռանկարներ ու կընդլայնի շուկայի հասանելիությունը:

«Գյումրին մեզ համար միշտ հետաքրքիր է եղել որպես ստարտափ էկոհամակարգ ունեցող քաղաք եւ ուրախ եմ, որ Իմփաքթ Հաբն արդեն գործելու է նաեւ այստեղ: Միաժամանակ, Շիրակի մարզում բավականին ստեղծարար միտք կա, որին մեր ԿՐԵԼԱԲ-ի միջոցով կփորձենք նոր շունչ ու կյանք փոխանցել»,- նշել է «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը: