11:50 | 14.07.23 | Նորություններ | 7275

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հեղինակային փոդքաքսթների շարք

Վիվա-ՄՏՍ-ն ստեղծում է իր սեփական փոդքասթների շարքը եւ պատմում այն ամենի մասին, ինչն ընկերության կարծիքով հետաքրքիր կարող է լինել ունկնդիրներին։

Փոդքասթները վերջին տարիներին բավական մեծ տարածվածություն ունեն, եւ վերջին տարիներին արձանագրվում է ունկնդիրների թվի կտրուկ աճ: Վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի դրությամբ 464,7 միլիոն մարդ աշխարհում լսում է փոդքասթներ, ինչը կազմում է ինտերնետից օգտվողների 22 տոկոսը։

«Մեր փոդքասթներում շոշափվող թեմաները միշտ արդիական են։ Այստեղ քննարկվում են այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն մասնագիտական տարբեր խմբերին, այլեւ` հասարակության լայն շրջանակին։ Այս շարքը Վիվա-ՄՏՍ-ի թվային բովանդակության կարեւոր բաղադրիչներից մեկն է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Փոդքասթների նպատակն է հետեւորդներին ծանոթացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, տվյալների, մասնագիտական զարգացման, կրթության ոլորտի մարդկանց գործունեությանը եւ իրենց մասնագիտական նրբություններին։

Փոդքասթների առաջին երկու էպիզոդներին մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները։ Առաջին էպիզոդում ընկերության տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանն է, որը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարեւորության եւ մի շարք այլ թեմաների շուրջ: Երկրորդում ներքին հաղորդակցության եւ զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանը ներկայացնում է մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների եւ լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաեւ գործատուի բրենդավորման մասին:

Երրորդ փոդքասթում «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ եւ գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենը պատմում է «Podcastle» գործիքի հնարավորությունների եւ այն մասին, թե ինչ կարող են անել «Podcastle» օգտագործողները:

«SmartGateVC» ընկերության ծրագրի գործընկեր Սամվել Խաչիկյանը չորրորդ էպիզոդի մասնակիցն է։ Նա խոսում է ներդրումների ու դրամաշնորհների մասին եւ թե ի՞նչ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում։

Հաջորդ էպիզոդի «հերոսը» նորաձեւության մարքեթինգի եւ անձնական բրենդինգի էքսպերտ «Anna Salome Fashion Marketing Agency»-ի եւ «SOMA» մոդելային գործակալության հիմնադիր Աննա Սալոմեն է։ Նա խոսում է նորաձեւության մարքեթինգից եւ Հայաստանում մոդելային բիզնեսից, տալիս է օգտակար խորհուրդներ նրանց, ովքեր ցանկանում են նորաձեւության մարքեթինգի ոլորտ մուտք գործել։ Նա նաեւ խոսում է հաջողության իր բանաձեւից։

Մյուս էպիզոդը կրկին հաջողակ կնոջ մասին է։

Մանկաբարձ-գինեկոլոգ, «Woman About Women» էքսպերտային բլոգի հեղինակ Անի Գասպարյանն է, որը խոսում է իր բլոգի, այն ստեղծելուց առաջ եւ դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաեւ Հայաստանում «ամոթի մշակույթի» մասին, քննարկում բլոգի հետեւորդներից ստացվող հարցերը:

Յոթերորդ փոդքասթում «Krisp», «10Web» եւ «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանը խոսում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումների մասին։

Ութերորդ փոդքասթի հյուրն է Տանյա Սուկմանսկայան, որը պատմում է «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման եւ մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Վիվա-ՄՏՍ-ը 5 արագ հարց է պատրաստել Հայաստանի մասին՝ Տանյային ուղղելու համար: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի, հայկական հյուրընկալության եւ այլ բաների մասին:

Վիվա-ՄՏՍ-ի հաջորդ փոդքասթում «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանն է։    Նա խոսում է մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմալացման եւ թվային ոլորտի բազմաթիվ այլ արդիական հարցերի շուրջ, «Մարքեթինգ. միֆեր եւ իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը հենց ինքն է։

Տասներորդ էպիզոդում ավագ պրոդուկտ մենեջեր Արթուր Մուրադյանը պատմում է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից «Sololearn»-ի մասին:

Տասնմեկերորդ էպիզոդը նվիրված է Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաեւ ինֆլյուենսեր մարքեթինգի եւ դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկություններին։ Այս թեմայի մասին զրուցում է «Վի Մեդիա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հարություն Նահապետյանը։

Տասներկուերորդ էպիզոդը հյուրընկալել է Մեթյու Զայնին, ով «Life in Armenia for Digital Nomad Families» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է: Նա խոսում է՝ ինչպես է Հայաստան կատարած իր յոթնօրյա ուղեւորությունը վերածվել յոթամյա բնակության, կիսվում իր մասնագիտական եւ անձնական կյանքի որոշ դրվագներով:

Վիվա-ՄՏՍ-ի փոդքասթները հասանելի են ընկերության կայքում, YouTube-ում, Spotify, IMUSIC, Google Podcasts եւ Apple Podcasts հարթակներում։