11:09 | 13.07.23 | Նորություններ | 1883

Իլոն Մասկը պաշտոնապես բացել է սեփական AI ընկերությունը

Իլոն Մասկը հայտարարել է xAI-ի գործարկման մասին, որի նպատակն է «հասկանալ տիեզերքի իրական էությունը»:

Մասկը գլխավորում է ընկերությունը, որում ներգրավված են նաեւ DeepMind-ի (պատկանում է Alphabet-ին), OpenAI-ի, Google Research-ի, Microsoft Research-ի, Twitter-ի եւ Tesla-ի նախկին աշխատակիցներ։

Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, թիմը խոստացել է դրանք տարածել հուլիսի 14-ին՝ Twitter-ում աուդիո հեռարձակման ժամանակ։ xAI-ի կայքում նշվում է, որ ընկերությունը կապված չէ X Corp-ի հետ (այն ներառում է Twitter-ը), սակայն «սերտորեն» կաշխատի սոցցանցի հետ։

Իլոն Մասկն ավելի վաղ AI-ն անվանել էր քաղաքակրթության ապագայի հիմնական սպառնալիքներից մեկը եւ քննադատել OpenAI-ին իր «անթափանց» մոտեցման եւ նեյրոնային ցանցերի զարգացման չափազանց «առեւտրային» հայացքների համար:

Ընկերության ստեղծման մասին 2023 թվականի ապրիլին հայտնել են Financial Times-ը եւ The Verge-ը։ Մասկը հաստատել է, որ աշխատում է ChatGPT չաթբոտի այլընտրանքի վրա, որը կոչվում է TruthGPT: Նա նկարագրել է ծառայությունը որպես «ճշմարտություն որոնող վերջնական AI, որը փորձում է հասկանալ տիեզերքի էությունը»:

Մասկը OpenAI-ի համահիմնադիրներից մեկն է, սակայն հեռացել է ընկերությունից 2018 թվականին։