11:19 | 03.07.23 | Նորություններ | 1382

WiDS Armenia 2023-ը համախմբել է ավելի քան 200 մասնակցի

«Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացել է «Կանայք տվյալագիտության մեջ» (Women in Data Science/WiDS) ամենամյա միջոցառումը:

Միջոցառումը հնարավորություն է տվել ՀՀ տարբեր բնակավայրերից ժամանած ավելի քան 200 մասնակցի ծանոթանալու արհեստական բանականության հնարավոր կիրառությանն ապագայի աշխատաշուկայում` կարեւորելով այն աշխատանքային եւ ստեղծագործական գործընթացում:

Միջոցառման ընթացքում հրավիրյալ կին խոսնակների մասնակցությամբ տեղի են ունեցել բանախոսություններ, պանելային քննարկումներ, աշխատարաններ, ինտերակտիվ սեմինարներ, նախագծերի ցուցադրություններ, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում արդի տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ նոր փորձառությունների բացահայտում։ Միջոցառումը եզրափակվել է կին արվեստագետների յուրօրինակ ստեղծագործությունների ցուցահանդեսով։

«Մեր օրերում, երբ տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, կարեւոր է ճիշտ հարցեր բարձրաձայնել։ Իսկ արվեստն օգնում է փոխել տեսակետն ու հարցադրումները դիտարկել այլ տեսանկյունից։ Այդ պատճառով էլ «Կանայք տվյալագիտության մեջ» միջոցառման հիմքում միջդիսցիպլինարությունն է՝ արվեստի, գիտության եւ տեխնոլոգիաների հատումը»,- նշել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Բելլա Հարությունյանը։

«Կանայք տվյալագիտության մեջ» ամենամյա միջոցառումը կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի համանուն համաշխարհային համաժողովի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվում աշխարհի 200-ից ավելի քաղաքներում՝ տվյալագիտության ոլորտում կանանց էական դերակատարությունն ընդգծելու եւ կանանց կարողությունները հզորացնելու նպատակով: Հայաստանում այն արդեն ավանդաբար անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ։