15:45 | 08.06.23 | Նորություններ | 1634

WhatsApp-ը ներկայացրել է ալիքները

WhatsApp-ը պաշտոնապես ներկայացրել է ալիքները։ Դրանք կդառնան մարդկանց եւ կազմակերպությունների կարեւոր նորություններին հետեւելու հեշտ միջոց՝ առանց մեսենջերից դուրս գալու:

Ալիքները կցուցադրվեն չատերից եւ համայնքներից առանձին։ Ալիքի ադմինիստրատորները կկարողանան հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր, սթիքերներ եւ հարցումներ հրապարակել, մինչդեռ բաժանորդները կկարողանան միայն դիտել բովանդակությունը:

Ճիշտ ալիքները գտնելու համար WhatsApp-ը կունենա հատուկ ցանկ՝ տեղական ինքնակառավարման մարմինների նորություններով, սպորտի մասին բովանդակությամբ, հոբբիների եւ այն:  

Ցանկալի ալիքին միանալ հնարավոր կլինի կատալոգում կամ էլ հրավերով։

Ադմինիստրատորի հեռախոսահամարը եւ պրոֆիլի լուսանկարը տեսանելի չեն լինի բաժանորդներին, իսկ բաժանորդների հեռախոսահամարները կթաքցվեն ալիքի մյուս բոլոր անդամներից, ներառյալ ադմիններից: Բացի այդ, ոչ ոք չի տեսնի, թե որ ալիքներին եք բաժանորդագրված:

Ադմինները կկարողանան արգելել ալիքը դիտելիս սքրինշոթ անելու ֆունկցիան եւ դրա միջոցով բովանդակություն փոխանցելը: Նրանք նաեւ հնարավորություն կունենան վերահսկել, թե ում է թույլատրվում բաժանորդագրվել իրենց ալիքներին։

Ալիքի հրապարակումների պատմությունը սերվերներում կպահվի ոչ ավելի, քան 30 օր։ Մշակողները նշել են՝ քանի որ ալիքները նախատեսված են ընդհանուր լսարանի համար, դրանք ծայրից ծայր ծածկագրված չեն ավտոմատ։