17:50 | 02.06.23 | Հոդվածներ | exclusive 4360

Instigate Mobile-ից դեպի zealous. կիրք, աշխատասիրություն ու նոր հեռանկարներ

Instigate Mobile ընկերությունը 11 տարեկան է եւ օրերս մեկնարկել է իր նոր բրենդը՝ zealous անվանմամբ։ Այս առիթով ընկերության ավելի քան 260 թիմակից Հայաստանի 6 քաղաքից համախմբվել էր Վանաձորում` նշելու ձեռքբերումներն ու սահմանելու նոր նպատակներ։

zealous-ը միջին եւ խոշոր միջազգային ընկերություններին մատուցում է ծրագրային ապահովման մշակման ու այլ տեխնոլոգիական լուծումներ եւ ծառայություններ։ Գործընկերների աշխարհագրական քարտեզում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան, ԱՄԷ-ն եւ այլ երկրներ, նաեւ Հայաստանը։

Ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանն iTel.am-ին պատմել է Instigate Mobile-ից zealous տանող ճանապարհի, նոր անվան նշանակության, թիմի ու ընկերության նոր հեռանկարների մասին։

Instigate ընկերությունների խմբի ձեւավորումն ու Instigate Mobile-ի ստեղծումը

Instigate-ն ստեղծվել է 2005 թվականին։ Այն իր գործունեությունը սկսել է ոչ ավանդական ձեւով, այսինքն՝ վերցրել է ուսանողների, դասընթացներ անցկացրել նրանց հետ ու ընդունել աշխատանքի։ Ես էլ եմ եղել այդ ուսանողներից։ Այնուհետ սկսել ենք կոմերցիոն նախագծեր իրականացնել էլեկտրոնային կիսահաղորդիչների, սխեմաների նախագծման ավտոմատացման ոլորտներում։ Այդպես ընկերությունն աճում էր, ու 2008-ին արդեն մոտ 300 թիմակից ունեինք։

Այդ շրջանում վեբ, մոբայլ աշխարհն սկսեց զարգանալ, որոշեցինք այդ ոլորտներում նույնպես գործունեություն ծավալել։ Տարիների ընթացքում հասկացանք, սակայն, որ բավականին տարբեր ոլորտներ են, պահանջում են տարբեր տեխնոլոգիական գիտելիքներ ու հմտություններ, նաեւ տարբեր են նախագծերի ծավալներն ու իրականացման մեթոդները։ 2012-ին որոշեցինք այդ ուղղություններն առանձնացնել ու հանդես գալ «Instigate Mobile» ընկերությամբ։

Արտակ Չոփուրյանը Արտակ Չոփուրյանը
photo © zealous



Գործընթացը մեկնարկել էր, ու Instigate-ից դուստր ընկերություններ սկսեցին ստեղծվել՝ Instigate Training Center, Instigate Design, Instigate Mobile, Instigate Consulting, Instigate Robotics, Instigate Semiconductor (որը վերջերս վաճառվել է MicroChip Technology-ին) եւ այլն։ Կից գործում են նաեւ «Իրական դպրոցը» եւ կրթական, հասարակական, սոցիալական այլ բազմաթիվ ծրագրեր։

11-ամյա գործունեությունն ու նախագծերը

11 տարվա ընթացքում zealous-ի ծառայությունների եւ փորձառության շրջանակը բավականին լայնացել է, թիմը՝ մեծացել։ Այսօր զբաղվում ենք արհեստական բանականության մշակումներով, խոշոր կորպորատիվ լուծումներով, իրերի համացանց նախագծերով, հիմնարար հետազոտություններով ու մշակումներով։ Մոբայլ հավելվածների մշակումը մեր ամբողջ գործունեության մեջ միայն մի փոքր մասն է կազմում։

zealous-ի հիմնական թիրախն արտասահմանյան ընկերություններն են, աշխատում ենք մեծամասամբ միջին եւ խոշոր ընկերությունների հետ։ Օգնում ենք նրանց իրականացնել նորարական եւ տեխնոլոգիական նախագծեր, բարելավել առկա լուծումները, ինչի արդյունքում նրանք առավել արագ կհասնեն իրենց նպատակներին։

photo © zealous



Մեր հաճախորդների հիմնական մասը (մոտ 70%) ԱՄՆ-ից է եւ Կենտրոնական Եվրոպայից (մոտ 25%), մնացածն Ասիական երկրներից ու տեղական ընկերություններ են։ Աշխատել ենք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Disney, Oracle, Daimler եւ նման միջազգային այլ ընկերություններ։ Նրանցից շատերի հետ երկար տարիներ շարունակական աշխատանք ենք տանում։

Ոլորտները բազմազան են՝ սպորտայինից առողջապահություն, ֆինանսականից մինչեւ տեխնոլոգիական եւ այլն։

zealous անվան նշանակությունն ու ռեբրենդինգի անհրաժեշտությունը

Վերջին տարիներին ՏՏ ոլորտն ու շուկան փոխվում է շատ արագ։ Դրամի արժեւորումը եւ մի շարք այլ գործոններ վերլուծելով՝ հասկանում ենք, որ պետք է առաջ գնալ եւ ավելի շատ մարքեթինգի ու վաճառքների արշավներ կազմակերպել, նաեւ՝ աշխարհին ավելի լավ ներկայացնել մեր նպատակներն ու արժեքները։

Երբ ուսումնասիրում էինք՝ ինչ արժեքներ ունենք ու ինչի ենք ձգտում, հասկացանք, որ հին անունն արդեն չէր հաղորդում այդ ամենը։ Այսպիսով, առաջացավ վերաբրենդավորման գաղափարը։

photo © zealous



Վերաբրենդավորումով ընկերությունը ոչ թե փոխվում է, այլ հաղորդակցումն ու աշխարհին մեր ներկայանալու ձեւն ենք փոխում։ Այս գործընթացը սկսել ենք անցյալ տարի։ Անվան շատ տարբերակներ ենք դիտարկել, բայց, ի վերջո, կանգ առանք zealous-ի վրա, որը նշանակում է ջերմեռանդություն, հոգատարություն, նպատակասլացություն։ Այն իր մեջ ամփոփում է եւ՛ աշխատասիրությունը, եւ՛ կիրքը, եւ՛ նպատակին ձգտելը։ zealous-ը ճիշտ է նկարագրում այն, ինչ անում ենք եւ ինչին ձգտում ենք:  

Մնացածը կառուցվել են այս գաղափարի շուրջ։ Գույները՝ դեղին, սեւ ու սպիտակ։ Բրենդինգը վստահել ենք Maeutica branding agency-ին։

Թիմն ու առաջիկա նպատակները

Այս պահին ավելի քան 260 թիմակից ենք։ Ունենք 6 մասնաճյուղ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան եւ Ստեփանակերտ քաղաքներում, վերջերս նաեւ Կալիֆոռնիայում թիմակիցներ ընդունեցինք։ Մեր ամենամեծ թիմերը Վանաձորում եւ Գորիսում են։

photo © zealous



Շատերը եկել են մեր թիմ որպես ուսանող, եւ շատերի համար սա առաջին աշխատավայրն է։ Ինձ համար ճանապարհ անցնելիս այսօրվա իրականությունում ամենամեծ արժեքը թիմն է: Շեշտը դնելով հիմնարար, ֆունդամենտալ գիտելիքի վրա՝ դասընթացների ընթացքում ձեւավորում ենք ինքնակրթվող, փոփոխություններին պատրաստ թիմակիցներ։

Պետք է աշխարհի ազդանշանները տեսնել ու դրան համահունչ քայլել։ Այսօր մեծ ընկերություններն են կարողանում խոշոր ու մեծ նախագծեր իրականացնել ու առաջիկայում մեր նպատակն է ավելի ընդլայնվել՝ միավորվելով հայկական ՏՏ ոլորտի այլ ընկերությունների հետ ու միասնական աշխատանք տանել: Պատրաստվում ենք առաջ շարժվել, մեծանալ՝ պահպանելով մեր հայկական արմատները։

Նունե Գրիգորյան