16:24 | 30.05.23 | Նորություններ | 3658

Instigate Mobile-ը վերանվանվել է zealous

Ինստիգեյթ Մոբայլը պաշտոնապես մեկնարկել է ընկերության նոր բրենդը՝ zealous անվանումով։

Նոր անվանումն, ըստ ընկերության, ավելի համապարփակ է ներկայացնում թիմի՝ տարիներով ստուգված արժեքները եւ ձեւավորած որակները. խորքային գիտելիք, ամուր եւ եռանդուն թիմ, նախաձեռնողականություն, հոգատարություն սեփական համայնքի եւ նախագծերի նկատմամբ:

Նոր բրենդի անցումը համընկել է ընկերության հիմնադրման 11-ամյակի հետ:
Ավելի քան 260 թիմակից Հայաստանի 6 քաղաքից Վանաձորում նշել է ընկերության 11-ամյակը եւ ռեբրենդինգը:

«Նոր բրենդի նպատակն է ընդգծել մեր արժեքները, որոնցով առաջնորդվել ենք այս տարիներին։ Ընկերության բրենդի փոփոխությունը չի նշանակում, որ մենք փոխվելու ենք եւ սկսենք զբաղվել այլ գործով։ Բրենդի փոփոխության նպատակն է լավագույնս ներկայացնել, թե իրականում ով ենք եւ որն է մեր նպատակը, ինչն է կարեւոր մեզ համար, ինչ ենք անում այդ «կարեւորը» պահպանելու եւ զարգացնելու համար»,- նշել է ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը։

Ինստիգեյթ Մոբայլը հիմնադրվել է 2012 թվականին, մինչեւ այդ գործել է որպես Ինստիգեյթ ընկերության ստորաբաժանում, ապա՝ զարգացման եւ ուղղությունների մեծացման արդյունքում դարձել առանձին ընկերություն։

Ընկերությունն իր գործունեության սկզբնական շրջանում զբաղվել է մոբայլ լուծումների մշակմամբ, ինչով էլ պայմանավորված էր անվանումը, սակայն հետագայում ընկերությունն ընդլայնել է իր գործունեության ոլորտը եւ մասնագիտացել նաեւ արհեստական բանականության նորարարության, խոշոր կորպորատիվ լուծումների, իրերի համացանցում նախագծերի (IoT) ու հիմնարար հետազոտությունների եւ մշակումների մեջ։

Այսուհետ արդեն zealous ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման մշակման եւ այլ տեխնոլոգիական ծառայություններ միջին, խոշոր եւ միջազգային ընկերություններին։ Գործընկերների աշխարհագրական քարտեզում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան, ԱՄԷ-ն եւ այլ երկրներ։

Ընկերության գործընկերները մասնագիտացված են բժշկությունից մինչեւ ֆինանսական, սպորտից մինչեւ սպասարկման ոլորտներում։

Ընկերությունն ունի ավելի քան 260 թիմակից Հայաստանի 6 քաղաքում՝ Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Գորիսում, Կապանում, Ստեփանակերտում եւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։