16:40 | 25.05.23 | Նորություններ | 15063

Խաղեր մշակող MY.GAMES-ը Հայաստանում գրասենյակ է բացել

MY.GAMES խաղերի մշակող միջազգային ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում, գրասենյակ է բացել Հայաստանում։  

Երեւանում նոր գրասենյակի գործունեությունը կենտրոնանալու է պրոդուկտի մշակման եւ խաղերի գործընթացների վրա: Ընկերությունն ունի մեկ միլիարդից ավելի գրանցված օգտվող ամբողջ աշխարհում: Ընկերությունը խաղեր է մշակում բջջային սարքերի, համակարգիչների եւ կոնսուլների համար: Ընկերության թողարկած պրոդուկտների թվում են War Robots, Hustle Castle, Rush Royale, Left to Survive խաղերը։ Ընկերությունը միավորում է մեկ տասնյակից ավելի ստուդիա։

«Հայաստանում մեր նոր գրասենյակի բացումը ռազմավարական քայլ է։ Այն նպատակ ունի աջակցել համաշխարհային աճին եւ ներգրավել տաղանդներ: MY.GAMES թիմն աշխատում է հեռակա կարգով ամբողջ աշխարհում, ուստի մենք մշտապես փնտրում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ տարբեր տարածաշրջաններում: Մեր նպատակն է մշակել այնպիսի պրոդուկտներ, որոնք կսիրեն գեյմերներն ամբողջ աշխարհում»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Նիկոլսկին:

MY.GAMES-ը գրասենյակներ ունի Հոլանդիայում, Կիպրոսում, Վրաստանում, Թուրքիայում եւ ԱՄԷ-ում։ 2020 թվականից ի վեր MY.GAMES-ի աշխատակիցների ավելի քան 90%-ն աշխատում է հեռակա կարգով աշխարհի տարբեր ծայրերից, եւ ընկերությունը շարունակում է բացել տարածաշրջանային կենտրոններ, որտեղ աշխատակիցները կարող են հանդիպել եւ աշխատել միասին: