16:55 | 20.04.23 | Նորություններ | 3010

Հայաստանի 3 մարզում մեկնարկել է Labs for Change ծրագիրը

Ապրիլի 19-ին կայացել է «Labs for Change - կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության եւ ստեղծարարության զարգացման» ծրագրի եւ Տավուշի ստեղծարար կենտրոնի պաշտոնական մեկնարկի արարողությունը:

Ծրագրի նպատակն է խթանել ստեղծագործական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը եւ նպաստել կանանց հզորացմանը Շիրակի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում։

Այս 3 մարզում կհիմնադրվեն ստեղծարար կենտրոններ, որտեղ կանայք եւ երիտասարդները կունենան մասնագիտական եւ ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների զարգացման, եկամտաբեր արտադրանք ստեղծելու հնարավորություններ։

Արդյունքում մարզերի ստեղծարար կենտրոնները կունենան միասնական բրենդով ներկայացվող արտադրանք, ինչպես նաեւ առանձին արտադրություն։ Մարզային մակարդակում ծրագրի խնդիրներից է բացահայտել կանանց տնտեսական ցածր ակտիվության եւ ներգրավվածության պատճառները, նպաստել հնարավոր խոչընդոտների վերացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ աղքատության նվազեցմանը։

Ծրագիրը կյանքի է կոչվել «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի, «Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ի եւ Դիլիջանում գործող Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակի համագործակցության շրջանակում՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության տրամադրած աջակցության շնորհիվ։